Շաբաթ օրը Ֆրանսիայում ավելի քան 1200 մարդ է ձերբակալվել այն բանից հետո, երբ ավագ դպրոցի աշակերտներին աջակցող ցուցարարները բախվել են ոստիկանության հետ։ Որոշ ցույցեր հետագայում դուրս են եկել վերահսկողությունից՝ հանգեցնելով շենքերի հրկիզման և խանութների թալանի։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Երկրի մի շարք խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Փարիզում, Մարսելում և Լիմոժում, իրավիճակը կտրուկ լարվել է։ Ցուցարարների և իրավապահների միջև տեղի են ունեցել բախումներ, կիրառվել է արցունքաբեր գազ։ Փարիզի մի շարք հատվածներում այրվել են աղբամաններ ու մեքենաներ, վնասվել են խանութներ։ Անվտանգության նկատառումներով Ֆրանսիայի մայրաքաղաքում փակվել է մետրոյի 25 կայարան, իսկ տաքսիների ու բեռնափոխադրողների դանդաղեցված երթևեկության արդյունքում փակվել են դեպի օդանավակայաններ տանող ճանապարհները։
Իրավիճակին արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ընդգծելով, որ բողոքի իրավունքը պետք է զուգորդվի օրենքի ու գույքի նկատմամբ հարգանքով, իսկ վանդալիզմն ու անկարգություններն անընդունելի են։ Միևնույն ժամանակ, ընդդիմադիր «Անհնազանդ Ֆրանսիա» կուսակցության առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը աջակցություն է հայտնել ցուցարարներին՝ կոչ անելով պահպանել կանոններն ու զերծ մնալ թալանից։