Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 19-ին նախագահական պալատում տեղի ունեցած միջոցառմանն ասել է, որ տարածաշրջանում ճգնաժամերը գնալով խորանում են, փոխանցում է Ermenihaber.am-ը։
Էրդողանը նշել է, որ մի քանի ամսից կլրանա ռուս-ուկրաինական պատերազմի 5 տարին։ Նա նաև ընդգծել է, որ Իսրայելը շարունակում է հարվածներ հասցնել Պաղեստինին՝ չնայած ձեռք բերված պայմանավորվածություններին, Իրանի շուրջ լարվածությունը մնում է չլուծված, իսկ Եմենում նոր հակամարտություն է բռնկվել։
Թուրքիայի նախագահի գնահատմամբ՝ հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա ավելի են սրել իրավիճակը։ Նա հայտարարել է, որ Էր-Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով մեծ թվով մարդիկ են զոհվել, այդ թվում՝ մուսուլման ուխտավորներ, իսկ վիրավորները հարյուրավոր են։
Լիբանանի վերաբերյալ Էրդողանն ասել է, որ այնտեղ զարգացումները չեն հուսադրում։ Սիրիայից, ըստ նրա, դրական լուրեր են գալիս, սակայն Իսրայելը փորձում է անկայունություն սերմանել այդ երկրում ևս։
Էրդողանը պնդել է, որ Անկարան ջանքեր է գործադրում երկրի համար հնարավոր վնասները կանխելու ուղղությամբ և մինչ օրս հաջողել է։
«Մենք երկիրը հեռու պահեցինք մեր շուրջ ընթացող հակամարտություններից, չենթարկվեցինք սադրանքների և չընկանք թակարդների մեջ։ Այս բոլոր բարդ գործընթացները կառավարեցինք խոհեմությամբ, համբերատարությամբ և զգոնությամբ»,- ասել է նա։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել է, որ թուրք ժողովրդի պայքարն ու փորձությունները պատմության ընթացքում միշտ մեծ են եղել, և այսօր ևս երկիրը կարևոր պայքարի կենտրոնում է։
Նրա պնդմամբ՝ տարածաշրջանը մասնատել ցանկացող ուժերը թույլ չեն տա Թուրքիային հանգիստ մնալ, քանի դեռ Անկարան կանգնած է ճնշվածների կողքին։ Էրդողանը նշել է, որ Թուրքիայի վրա ճնշումներ կգործադրվեն տարբեր ուղիներով՝ ներքին ազդեցության գործակալների, այդ թվում՝ Թուրքիայում ահաբեկչական ճանաչված «Ֆեթուլլահական կազմակերպության» (FETÖ), արտաքին լոբբիստական խմբերի, տնտեսական լծակների, ինչպես նաև միջազգային մամուլի և սոցցանցերի միջոցով։
«Կփորձեն շեղել մեր ուշադրությունը, խոչընդոտել մեր ընթացքը և ստիպել մեզ հրաժարվել մեր նպատակներից։ Մենք նրանց նման հնարավորություն չենք տա»,- ասել է նա։
Ելույթի վերջում Էրդողանը հավելել է, որ Թուրքիան չի ենթարկվի նրանց, ովքեր սեփական բարեկեցությունը փորձում են կառուցել տարածաշրջանը հակամարտությունների մեջ ներքաշելու հաշվին, և զգոն կլինի հասարակության մեջ պառակտում առաջացնելու ցանկացած փորձի նկատմամբ։