Թեհրանն ու Մոսկվան երբեք այսքան սերտ չեն համագործակցել, որքան հիմա․ Արաղչի

կողմից admin1

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Թեհրանում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո հայտարարել է Մոսկվայի և Թեհրանի միջև պատմության մեջ ամենասերտ համագործակցության մասին։

«Մեր պատմության ընթացքում երբեք Իրանն ու Ռուսաստանն այսքան սերտ չեն համագործակցել, որքան հիմա»,- երեքշաբթի առավոտյան X սոցիալական ցանցում գրել է Արաղչին։

Նրա խոսքով՝ Լավրովի հետ միասին նրանք քննարկել են «բոլոր հարցերը՝ Եվրոպայից մինչև Արևմտյան Ասիա, ներառյալ Լիբանանը, Պաղեստինը, Ուկրաինան և Եմենը»։

«Նաև կենտրոնացել ենք տնտեսական և միջուկային համագործակցության ընդլայնման վրա»,- նշել է Արաղչին՝ բանակցությունները բնորոշելով որպես «ժամանակին»։

Լավրովը երկուշաբթի Բահրեյնից ժամանել է Թեհրան, որտեղ մասնակցել էր Ռուսաստան-Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի (ՊԾԱՊՀԽ) ռազմավարական երկխոսության 9-րդ փուլին։

Երկուշաբթի երեկոյան ՌԴ ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ նախարարի աշխատանքային այցի ընթացքում կողմերը արձանագրել են քաղաքական երկխոսության ինտենսիվ բնույթը, սերտ փոխգործակցությունը կառավարական և ճյուղային մակարդակներում, խորհրդարանների, տարածաշրջանների և բիզնեսի միջև։

Նշվել էր նաև, որ Լավրովը Թեհրան աշխատանքային այցի ընթացքում ընդունվել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի կողմից, վարել է «հանգամանալից բանակցություններ» Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Աբբաս Արաղչիի հետ և հանդիպել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայիի հետ։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode