15
Այս գիշեր Ուկրաինան ԱԹՍ-ների զանգվածային գրոհ է նախաձեռնել Մոսկվայի և Մոսկվայի մարզի ուղղությամբ։
Ինչպես հայտնում է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, հոկտեմբերի 21-ի ժամը 20:30-ից մինչև հոկտեմբերի 22-ի առավոտյան ժամը 04:00-ն ընկած ժամանակահատվածում Մոսկվայի տարածաշրջանի ուղղությամբ 630 ԱԹՍ է արձակվել:
«ՀՕՊ–ը դրանց մեծ մասը ոչնչացրել է քաղաքի հեռավոր մատույցներում։ 163 անօդաչու վնասազերծվել է Մոսկվայի մոտակայքում։ Տրոիցկի վարչական շրջանի Վորոնովոյի հատվածում երկու մարդ է տուժել, նրանց ցուցաբերվում է անհրաժեշտ օգնություն։ Արտակարգ ծառայությունների մասնագետներն աշխատում են բեկորների ընկնելու վայրում», գրել է Սոբյանինը տելեգրամյան ալիքում։
Լիպեցկի մարզում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով տղամարդ է վիրավորվել։ Տեղեկությունը հայտնել է մարզպետ Իգոր Արտամոնովը:
«Անօդաչուների հարվածի հետևանքով Լիպեցկի տարբեր շրջաններում վնասվել են մի քանի մասնավոր և բազմաբնակարան տներ։ Տուժել է 2001 թվականին ծնված մի տղամարդ, որը հիվանդանոցում անհրաժեշտ բուժօգնություն է ստանում», – գրել է Արտամոնովը սոցցանցում։
Նա նշել է, որ վնասվել է նաև Մերկուլովի փողոցում գտնվող պոլիկլինիկայի շենքը։ Դեպքի պահին հաստատությունը փակ է եղել, ներսում մարդիկ չեն եղել։
Տուլայի մարզպետ Դմիտրի Միլյաևը հայտնել է, որ շուրջ 70 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացվել տարածաշրջանում: Նախնական տվյալով՝ տուժածներ չկան, վնասվել են առանձնատներ։
Անցած գիշեր Վորոնեժի մարզի օդային տարածքում և մարզի չորս շրջաններում հայտնաբերվել և ոչնչացվել է 44 ԱԹՍ։ Տեղեկությունը հայտնել է մարզպետ Ալեքսանդր Գուսևը:
Նախնական տվյալով՝ տուժածներ չկան, վնասվել են մի շարք մասնավոր և բազմաբնակարան շենքեր։