Ուկրաինայի Խերսոնի մարզի Ալյոշկի քաղաքում կողմերը պահպանում են հրադադարի ռեժիմը, իսկ կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունները կատարվում են ամբողջությամբ։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի Գերագույն ռադայի մարդու իրավունքների հանձնակատար Դմիտրի Լուբինեցը։
Նրա խոսքով՝ հոկտեմբերի 27-ի՝ Կիևի ժամանակով 17։30-ի դրությամբ՝ Ռուսաստանն ու Ուկրաինան պահպանում են հումանիտար առաքելության իրականացման հետ կապված որոշակի տարածքներում հրադադարի ռեժիմի վերաբերյալ պայմանավորվածությունները։
Նման հայտարարությամբ է հանդես եկել նաև Ռուսաստանում մարդու իրավունքների հանձնակատար Յանա Լանտրաատովան։ Սոցիալական ցանցերում նա գրել է, որ Ալյոշկիում հրադադարի ռեժիմի պահպանման վերաբերյալ պայմանավորվածությունները կատարվում են ամբողջությամբ, և հոկտեմբերի 27-ի՝ ժամը 17։30-ի դրությամբ՝ խախտումներ չեն արձանագրվել ո՛չ ռուսական, ո՛չ ուկրաինական կողմից։