Սահմանադրության նախագծի մեջ կա՞ որեւէ կետ, որն ընդդիմության շահերից է բխում, ՔՊ-ականները մեզ հետ զրույցներում պնդում էին, որ կան այդպիսի դրույթներ՝ հարցրինք փաստաբան Տաթևիկ Սողոյանին:
«Ընդդիմության համար որեւէ նպաստավոր կետ չկա այդ տեքստում, բացարձակապես չկա: Եթե նույնիսկ լիներ էլ, եթե անգամ ընդդիմությանն ինչ-ինչ գրավիչ առաջարկություններ արվեին, սակայն այդ ամենի հիմքում լիներ ազգային ինքնությունից, Արցախից ու մեր ինքնությունից հրաժարվելը, ապա, միեւնույն է, այդ դրական փոփոխություններն ընդունելի չէին կարող լինել, քանի որ այն իրավաքաղաքական փաստաթուղթ է, եւ քաղաքական կոմպոնենտը գերակա է այս տեքստում, սակայն դա չի նշանակում, որ իրավական կոմպոնենտը պակաս հարվածի տակ է:
Ինքնավար մարմիններում ընդդիմությանը որոշակի տեղեր են որոշել այս տեքստով հատկացնել, բայց այն ոչինչ է` զրո, այն ամբողջ բռնապետական սիստեմի հետ, որն առաջարկում է կառուցել Նիկոլ Փաշինյանը: Շատ կարեւոր է, որ ընդդիմությունը պահպանի այն դիրքորոշումը, որ չի ցանկանում առհասարակ դիսկուրս ծավալել այս սահմանադրության մասին: Քաղաքական կոմպոնենտն այնքան էական է, որ ուղղակի կարիք չկա քննարկելու այս թեման: Սահմանադրության նոր տեքստի մեջ ասվում է, որ անկախ մարմին են համարվում ԿԸՀ-ն, Կենտրոնական բանկը, Հաշվեքննիչ պալատը, ինչպես նաեւ՝ Մարդու իրավունքների հանձնակատարը: Ասվում է, որ անկախ մարմիններից մեկն ընտրվելու է ընդդիմադիր խմբակցությունների առաջադրմամբ:
Նշվում է, որ ԿԸՀ-ն, Կենտրոնական բանկն ու Հաշվեքննիչ պալատը կազմված են նախագահից եւ վեց անդամից, եւ ձայներն ընտրվելու են երեք հինգերորդով, որից մեկը լինելու է ընդդիմադիր:
Բայց եթե հստակ հաշվարկ ենք կատարում, ապա այդ մեկ ընդդիմադիրի ձայնը ոչինչ չի փոխելու, եթե 7 անդամից հինգը քվեարկում է, ապա այդ մեկի քվեարկությունը բացարձակ որեւէ ազդեցություն չի ունենում:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» ասում է, որ ԲԴԽ հինգ անդամին կարող է ընտրել ԱԺ-ն, սակայն սահմանադրության տեքստում գրված է 10 անդամի մասին: Նախորդ մոդելը տարբեր լիազորություններ ունեցող մարմիններին էր առաջարկում մասնակցել այս գործընթացին, նոր մոդելով այն իրականացվելու է բացառապես ԱԺ-ի կողմից: Այսինքն` եթե ՔՊ-ն ունենա մեծամասնություն, ամբողջ դատական համակարգը բացահայտ կերպով կախված է լինելու իշխանությունից: Նախորդ գումարման ԱԺ-ում, երբ նրանք ունեին մեկ հինգերորդը, խեղկատակություն էր տեղի ունենում անգամ այդ պարագայում: Անվանի մարդկանց հեռացնում էին, եւ նրանց փոխարինում էին չգիտես էլ թե ինչ կադրերով: Այս ամենն աննորմալ է, այն տոտալ կերպով դատական համակարգը զրկելու է անկախությունից»: