Իրանում առանց հիջաբի համերգ տված 29-ամյա երգչուհի Փարասթու Ահմադիին 74 մտրակի հարված են հասցրել։ Նույն պատժին են ենթարկվել նաև նրա խմբի երեք երաժիշտներն ու պրոդյուսերը, BBC-ին հայտնել են նրանց փաստաբանները։
2024 թվականի դեկտեմբերին Ահմադին առանց գլխաշորի և բաց ուսերով զգեստով համերգ էր տվել, որը ուղիղ հեռարձակվել էր YouTube-ում։ Իրանում կանանց արգելվում է հրապարակային մեներգել, իսկ գլխաշոր կրելը պարտադիր է։
Այս տարվա հունիսին Ղոմ քաղաքի դատարանը երգչուհուն և ևս ութ անձի մեղավոր էր ճանաչել «հանրային բարոյականությունը վիրավորելու» համար։ Բացի մտրակի 74 հարվածից, նրանց երկու տարով արգելվել էր մասնակցել տեսալսողական գործունեության և լքել երկիրը։
Սեպտեմբերին վերաքննիչ դատարանն ուժի մեջ էր թողել դատավճիռը։ Փաստաբանները փորձել էին հասնել պատժի մեղմացմանը կամ գոնե հետաձգմանը, սակայն ապարդյուն։
«Ամեն ինչ արեցինք, որ դատավճիռը չեղարկվի կամ գոնե պատիժը մեղմացվի, բայց չհաջողվեց։ Փորձեցինք նաև հետաձգել դրա իրականացումը, սակայն համապատասխան մարմինը պնդեց, որ պատիժը պետք է անհապաղ ի կատար ածվի», — BBC-ին պատմել է պաշտպաններից մեկը։
Երգչուհու և նրա չորս գործընկերների նկատմամբ պատիժն իրականացվել է Ղոմ քաղաքում։
Իրավապաշտպանները դատապարտել են տեղի ունեցածը՝ մտրակահարությունն անվանելով դաժան և նվաստացուցիչ պատիժ, որը խախտում է խոշտանգումների միջազգային արգելքը։