Լրագրողների հետ զրույցում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը հայտնել է, որ դատախազին հաղորդում է տալու, քանի որ՝ արտահերթ նիստ են նախաձեռնել, սակայն ՔՊ-ականները չկան։
Ըստ պատգամավորի՝ «սա մեծ ապօրինություն է»։
ԱԺ պատգամավորներ Էդգար Ղազարյանի, Սյուզաննա Ավետիսյանի և Քրիստինե Վարդանյանի նախաձեռնությամբ այսօր՝ ժամը 11։00-ին, պետք է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ տեղի ունենար, որի օրակարգում էր՝ ԱԺ պատգամավորների, կառավարության անդամների և գործադիր իշխանության այլ պաշտոնատար անձանց, ինչպես նաև Հանրապետության նախագահի արտասահմանյան գործուղումների հարցերի քննարկումը՝ որպես վերահսկողության գործիքի կիրառում։
Էդգար Ղազարյանի փաստմամբ՝ ՔՊ-ական պատգամավորները չեն ներկայացել նիստին։
«Մենք տեղեկացրել ենք հանձնաժողովի նախագահին դեռևս 2026-ի նոյեմբերի 18-ին, այսինքն 10 օր առաջ, որպեսզի նաև իրենք իրենց հանդիպումները պլանավորեն այնպես, որ հանձնաժողովի նիստը տեղի ունենա»։
Նա նաև հայտնել է, որ աշխատակազմի ղեկավարին են գրություն գրել՝ աշխատակազմով ապահովեն, որ այսօր հանձնաժողովի նիստը տեղի ունենա:
«Ինչպես տեսնում եք, ՔՊ ոչ մի պատգամավոր, այդ թվում՝ հանձնաժողովի նախագահը տեղակալը և մյուս պատգամավորները, որոնցից մեկը արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ղեկավարի կինն է, իրենք չեն ներկայացել իրենց պարտականությունները կատարելու», նշել է նա։