«Մուլտի ուելնես» մարզաառողջարանային համալիրի շարժական գույքը Երևանի քաղաքապետարանին ի պահ հանձնելու վերաբերյալ պայմանագիր կնքված չէ, չնայած Երևանի քաղաքապետարանը ամիսներ առաջ հայտարարում էր, թե Գագիկ Ծառուկյանին պատկանող համալիրի շարժական գույքը հանձնվել է նրանց պահպանությանը։
Պայմանագրի բացակայության մասին Երևանի քաղաքապետարանը հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի գրավոր հարցմանն ի պատասխան։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի ուելնես» սպորտային կենտրոնն անցել է Երևանի քաղաքապետարանի կառավարմանը այս տարվա հուլիսին։ Քաղաքապետարանը միակողմանի խզել էր կառուցապատման իրավունքի պայմանագիրը «Մուլտի ուելնես»-ի հետ, քանի որ, ըստ քաղաքապետարանի, կառուցապատման վճարների գծով պարտավորությունները չէին կատարվել, ինչպես նաև քաղաքաշինական փաստաթղթերից շեղումներ էին եղել։
«Մուլտի ուելնես» ակումբը քաղաքապետարանը վերանվանել է՝ «Երևան ուելնես»։
Թեպետ միայն մարզական համալիրի հողն է համայնքային ենթակայության, այս ողջ ընթացքում քաղաքապետարանի կառավարմանն անցած համալիրի շարժական գույքը տնօրինվում է քաղաքապետարանի կողմից, թեպետ այդ գույքն ունի սեփականատեր։
Ինչու՞ է քաղաքապետարանը հայտնել, թե այդ գույքերն ի պահ են հանձնել իրեն, եթե նման պայմանագիր չկա, ի՞նչ իրավական հիմքերով է քաղաքապետանարը շարունակում տնօրինել համալիրի գույքը, արդյո՞ք ձեռնարկվում են քայլեր «Մուլտի ուելնես»-ի շարժական գույքը դրա սեփականատիրոջը հանձնելու ու համալիրի համար համայնքային գույք գնելու ուղղությամբ, հետաքրքրվել էինք քաղաքապետարանից։
Ի պատասխան հայտնել են, որ «մարզասրահում առկա գույքերի գույքագրում իրականացվել է ՀՀ քննչական կոմիտեի հանձնարարությամբ ՊԵԿ-ի կողմից, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների մասնակցությամբ, որի վերաբերյալ կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտե»։
Ըստ պատասխանի՝ արդեն 4 ամիս համայնքային կառավարման անցած սպորտային կենտրոնի շարժական գույքի գույքագրումը դեռ շարունակվում է, «առկայության դեպքում դրանց հետագա տնօրինման հարցը կարգավորելու համար»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։