ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում բացատրել է, թե ինչու է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին քանիցս «ընկեր» անվանել և միաժամանակ Մոսկվային պատասխանատու է համարում «Եվրոպայում ագրեսիայի համար»:
Ինչպես հաղորդել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը Վաշինգտոնից, Թրամփն ասել է, որ միշտ «կոշտ» է եղել Ռուսաստանի հանդեպ, իսկ Պուտինի վերաբերյալ իր հռետորաբանությունը պայմանավորված է Ուկրաինայում պատերազմն ավարտելու ձգտմամբ:
«Մենք ցանկանում ենք գործարք կնքել: Մենք ցանկանում ենք դադարեցնել սպանությունները… Ես կարող էի մոտենալ նրան և ասել՝ «դու ինձ դուր չես գալիս», և այդժամ մենք կունենայինք նույն խնդիրները, ինչ ունի Զելենսկին Պուտինի հետ», — նշել է Թրամփը՝ ընդգծելով, որ խաղաղ կարգավորման գլխավոր խոչընդոտ է համարում Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների միջև «ատելությունը»:
BBC-ին տված հարցազրույցում Վլադիմիր Զելենսկին «տարօրինակ» է որակել այն, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է լուսանկար, որտեղ ողջագուրվում է Վլադիմիր Պուտինի հետ և նրան անվանում է «իմ ընկերը»։
«Իհարկե, դա Միացյալ Նահանգների նախագահի որոշելիքն է, բայց… տարօրինակ է»,- ասել էր Զելենսկին:
«Նա ագրեսոր է և մարդասպան… Նա չի կարող ընկեր լինել։ Պարզապես չի կարող»,- պնդել է Ուկրաինայի նախագահը՝ հավելելով, որ դա նույնն է, ինչ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին հայտարարել, թե ընկեր ես Ադոլֆ Հիտլերի հետ։