Խանդանյանին վերջին անգամ տեսել են Բունդեսթագի կռիշում. Էդգար Ղազարյան

կողմից badoyan

«Այդպես չի կարող լինել, որ վերցնեն պետական օդանավն ու շրջագայեն, պիտի հաշվետվություն տան ԱԺ-ին և մեր ժողովրդին։ Թե չէ ամեն մեկն իր համար մի հատ զբոսաշրջային գործակալություն է բացել, մեկի անունը դրել են՝ «բանան թրավել», մյուսի անունը՝ «Ռուբեն թրավել», մյուսինը՝ «մեռել թրավել» ու շրջագայում են», նկատում է Էդգար Ղազարյանը։

Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀ ԱԺ պատգամավորներ Էդգար Ղազարյանի, Սյուզաննա Ավետիսյանի և Քրիստինե Վարդանյանի նախաձեռնությամբ այսօր պետք է հրավիրվեր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում պետք է լիներ պատգամավորների, կառավարության անդամների և գործադիր իշխանության այլ պաշտոնատար անձանց, Հանրապետության նախագահի արտասահմանյան գործուղումների հարցերի քննարկումը։ Սակայն նիստը չի գումարվել, քանի որ ՔՊ խմբակցության անդամները չէին ներկայացել։

Էդգար Ղազարյանը լրագրողների հետ զրույցում նկատեց, որ հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը շահագրգռված չէ այս հարցերի քննարկմամբ, քանի որ անընդհատ շրջագայությունների մեջ է. «Այս պահին գործուղման է, վերջին անգամ իրեն տեսել են Բունդեսթագի կռիշում»։

Նա նշել է, որ Գլխավոր դատախազը պետք է անհանգստանա, քանի որ Քրեական օրենսգրքի 446-րդ հոդվածը պաշտոնեական անփութությունը նկարագրում է այսպես՝ «պաշտոնատար անձի կողմից իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով դրանք չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերի կամ հասարակության կամ պետական օրինական շահերին»։

Էդգար Ղազարյանը նաև հավելել է, որ իրենք պահանջում են քննել հարցը, որ գործուղումների վրա պետբյուջեից հսկայական միջոցներ են ծախսվում, իսկ հասարակությունը տեղյակ չի լինում։

«Օրինակ,  մեր հասարակության մեջ որևէ մեկը տեղյա՞կ է, թե Ալխաս Ղազարյանն ինչո՞ւ էր գնացել Թուրքմենստան։ Բայց պետական բյուջեից դրա վրա գումար է ծախսվել։ Մենք որոշման նախագիծ ունենք, որ հանձնաժողովը որոշում կայացնի, ամիսը մեկ անգամ՝ ամսվա վերջին այս իշխանության մարմինները հանձնաժողովին ներկայացնեն ամփոփ տեղեկատվություն բոլոր գործուղումների վերաբերյալ, և գործուղման գնացած պաշտոնյաները գան հաշվետվություն ներկայացնեն, հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանեն»,- ասաց նա։

«Օրինակ, ինձ հետաքրքիր է, Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ էր գնացել Անթալիա՝ COP-31-ի համաժողովի։ Այդպես չի կարող լինել, որ վերցնեն պետական օդանավն ու շրջագայեն, պիտի հաշվետվություն տան ԱԺ-ին և մեր ժողովրդին։ Թե չէ ամեն մեկն իր համար մի հատ զբոսաշրջային գործակալություն է բացել, մեկի անունը դրել են «բանան թրավել», մյուսի անունը՝ «Ռուբեն թրավել», մյուսինը՝ «մեռել թրավել» ու շրջագայում են։ Վահագն Ալեքսանյանը գնացել է Տանզանիա, կարող ենք, չէ՞ իմանալ՝ ի՞նչ կլիներ, եթե ինքն այդ առյուծի ձագերին չհանդիպեր։ Կամ որ գնացել հանդիպել է, մեր հասարակությունը դրանից ի՞նչ արդյունք է ստացել»,- նշել է Ղազարյանը։

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode