Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» նախագիծն Ադրբեջանի տարածքում ակտիվորեն իրականացվում է։
Ադրբեջանի և Ուզբեկստանի միջպետական խորհրդի երրորդ նիստի ընթացքում Ալիևը նշել է, որ Ադրբեջանի հիմնական տարածքում աշխատանքները նախատեսվում է ավարտել հաջորդ տարի, իսկ Նախիջևանում շինարարությունն արդեն սկսվել է։
Նրա խոսքով՝ Բաքուն ցանկանում է Նախիջևանի երկաթուղին ներառել Ադրբեջանի երկաթուղային համակարգում։ Այդ նպատակով նախատեսվում է ստեղծել միջազգային կոնսորցիում, որի կազմում կարող են ընդգրկվել նախագծով հետաքրքրված ընկերություններն ու երկրները։
Ալիևը նաև նշել է, որ աշխատանքներ են իրականացվում Հայաստանի տարածքում։ Նրա փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմին այդ մասին տեղեկություններ են տրամադրում ամերիկացի գործընկերները։
Ադրբեջանի նախագահի խոսքով՝ Հայաստանի հատվածում շինարարությունը կարող է մեկնարկել այս տարվա վերջին կամ հաջորդ տարվա սկզբին։ Նա ընդգծել է, որ Հայաստանի տարածքում նախատեսվող երկաթուղային հատվածի երկարությունը 42 կմ է, իսկ Նախիջևանում՝ 194 կմ։
«Մենք արդեն սկսել ենք աշխատանքները և ամեն դեպքում դրանք ավարտին կհասցնենք»,– հայտարարել է Ալիևը։