Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 26-ին վճիռ է կայացրել՝ բավարարելով Թալին քաղաքի Մյասնիկյան փողոցի 3-րդ շենքի թիվ 5 բնակարանի սեփականատեր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցը։
Այս մասին սոցիալական ցանցի իր էջում գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Ըստ նրա՝ դատարանը որոշել է Արամայիս Դավթի Թախմազյանին և Հռիփսիմե Գագիկի Խաչատրյանին վտարել նշված բնակարանից։
Զոհրաբյանը հրապարակմանը կից մեջբերել է նաև ԱԺ պատգամավոր Արփինե Դավոյանի ելույթից մի հատված, որում վերջինս, ըստ փաստաբանի, պնդել էր, թե բնակարանը գրանցված է «Ներսիսյան Կտրիճ» անունով անձի վրա, այլ ոչ թե Գարեգին Երկրորդ կաթողիկոսի։
Փաստաբանը, անդրադառնալով այդ հայտարարությանը, նշել է, որ բնակարանը դեռևս 2012 թվականից սեփականության իրավունքով պատկանում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն։
«Տո՛ւնը, տո՛ւնը, որտեղ բնակվումա Տեր Թադեն, գրանցված է Ներսիսյան Կտրիճ անուն ազգանունով մարդու վրա, ոչ թե Գարեգին Բ-ի։ Ոչ թե կաթողիկոսի, Կտրիճ Ներսիսյան անուն ազգանունով մարդու վրա»,– մեջբերել է Զոհրաբյանը պատգամավորի խոսքը։
Փաստաբանը շեշտել է, որ բնակարանի սեփականատերը ոչ թե Ամենայն Հայոց Կաթողիկոսն է կամ որևէ այլ ֆիզիկական անձ, այլ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին։
Զոհրաբյանը նաև գրել է, որ դատարանի որոշումը վերաբերում է նշված բնակարանից Արամայիս Թախմազյանի և Հռիփսիմե Խաչատրյանի վտարմանը։