Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում անկլավների և էքսկլավների թեման վերջին հարցերից մեկն էր, որի շուրջ հնարավոր էր շահարկումներ անել։
«Ինձ թվում է՝ արդեն էդ ներվը հանել ենք, վերջ։ Անկլավների, էքսկլավների թեման վերջինն էր, ընդ որում՝ էս թեմային անդրադարձել եմ նաև նախընտրական շրջանում»,– ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ եթե Տիգրանաշենը Քյարքի չանվանենք, դա չի նշանակում, որ Հայաստանը հրաժարվում է Ջերմուկի օկուպացված տարածքներից։
Փաշինյանը նշել է, որ հակառակ մոտեցումը կարող է հանգեցնել այն սկզբունքի ձևավորմանը, թե «ով ինչ գրավել է, իրենն է»։
«Առաջ է գալիս սկզբունք՝ ով ինչ գրավել է, իրենն է։ Գրավել ենք՝ գրավել ենք։ Եվ երկրորդ՝ դա կոնֆլիկտային սկզբունք է»,– ասել է վարչապետը։
Նրա գնահատմամբ՝ անկլավների և էքսկլավների հարցը վերջին թեման էր, որի շուրջ հնարավոր էր խաղաղության գործընթացը տապալելու կամ այն փլուզելու ծրագիր կառուցել։
«Սա վերջին թեման էր, որի վրա կարելի էր կառուցել խաղաղությունը փլուզելու պլանը։ Այլևս ոչ մի տարբերակ չկա»,– հայտարարել է Փաշինյանը։