ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ երեկվա հայտարարություններին։
Զախարովան Փաշինյանին դիմել է՝ գրելով. «Նիկոլ Վովաևիչ, ձեր երկրում ընտրություններն ավարտվել են։ Դուք կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել։ Հավաքեք ձեր քաջությունը և գոնե մեկ անգամ ասեք ճշմարտությունը»։
Զախարովան նշել է, որ օգոստոսի 27-ին լրագրողների հետ զրույցում Փաշինյանն անդրադարձել է ՀՀ կառավարության նոր ծրագրում Ռուսաստանի հետ հարաբերությունների ձևակերպմանը։ Նոր ծրագրում Ռուսաստանի հետ հարաբերությունները ներկայացվում են որպես գործընկերություն, իսկ «ռազմավարական գործընկերություն» ձևակերպումը բացակայում է։
Փաշինյանը դա կապել էր 2022 թվականի սեպտեմբերյան իրադարձությունների հետ՝ հայտարարելով, որ այդ ժամանակ Ռուսաստանը և ՀԱՊԿ-ը չեն կատարել Հայաստանի նկատմամբ ստանձնած անվտանգության պարտավորությունները։
Զախարովան, սակայն, պնդել է, որ այդ գնահատականը չի համապատասխանում իրականությանը։ Նրա խոսքով՝ 2022 թվականի սեպտեմբերին Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, և կազմակերպությունն արձագանքել է՝ Հայաստան ուղարկելով դիտորդական առաքելություն։
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև հիշեցրել է 2022 թվականի նոյեմբերին Երևանում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը՝ պնդելով, որ այդ ժամանակ պատրաստվել էր Հայաստանի տարածքում ՀԱՊԿ առաքելության տեղակայման վերաբերյալ որոշման նախագիծ, սակայն այն, ըստ Զախարովայի, Փաշինյանը հրաժարվել է ստորագրել։
Զախարովան պնդել է, որ Ռուսաստանը 2022 թվականի սեպտեմբերին աջակցել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի խաղաղ կարգավորմանը և Փաշինյանին կոչ է արել «գոնե մեկ անգամ ասել ճշմարտությունը»։