Ռուս ուղղափառ եկեղեցին՝ Հայ եկեղեցու շուրջ ստեղծված ճգնաժամի մասին

կողմից admin

Ռուս ուղղափառ եկեղեցին հետևում է Հայ առաքելական եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձություններին և հույս ունի, որ ստեղծված ճգնաժամային իրավիճակը հնարավորինս արագ կհանգուցալուծվի։

Այս մասին նշվում է «Լազարևյան ակումբի» հարցմանն ի պատասխան Մոսկվայի պատրիարքարանի ներկայացուցչի պաշտոնական պատասխանում։

«Մոսկվայի պատրիարքարանի ներկայացուցիչները բազմիցս հանդես են եկել ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու՝ կապված այն ճնշումների և եկեղեցական գործերին երկրի իշխանությունների ներկայացուցիչների կոպիտ միջամտության հետ, որոնք այսօր իրականացվում են եկեղեցու նկատմամբ»,- նշված է պատասխանում։

Նամակի տեքստը հրապարակել է ԱՊՀ գործերով Պետդումայի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը իր Telegram-ալիքում։

Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները նաև հույս են հայտնել, որ Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը հնարավորինս արագ կկարգավորվի։

Հիշեցնենք, որ վերջին ամիսներին Մոսկվայի պատրիարքարանի ներկայացուցիչները բազմիցս անդրադարձել են Հայաստանում Հայ առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին։ Հունվարին Մոսկվայի պատրիարքարանի արտաքին եկեղեցական հարաբերությունների բաժնի նախագահ, Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Անտոնին հայտարարել էր, որ Ռուս ուղղափառ եկեղեցին մտահոգված է Հայաստանի իշխանությունների կողմից Հայ եկեղեցու գործերին միջամտելու փորձերով։

Օգոստոսին «Լազարևյան ակումբը» դիմել էր Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլին և Հռոմի պապ Լևոն XIV-ին՝ կոչ անելով հանդես գալ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու և Հայաստանի քրիստոնյաների։

Focus Mode