Հայաստանի երկաթուղիները՝ դեպի Թուրքիա և Ադրբեջան․ ՌԴ-ն պատրաստ է քննարկել վերականգնումը

կողմից admin

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է քննարկել Հայաստանի տարածքում այն երկաթուղային հատվածների վերականգնման մանրամասները, որոնք հասնում են Թուրքիայի և Ադրբեջանի սահմաններին։

Խոսքը, մասնավորապես, Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման և տարածաշրջանային տրանսպորտային կապերի վերագործարկման մասին է։ Հայաստանի համար կարևոր ուղղություններից է Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկումը, որը հնարավորություն կտա վերականգնել երկաթուղային կապը Թուրքիայի հետ։

Միրզոյանը նաև ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Ադրբեջանի տարածքով երկաթուղային կապ ունենալ Իրանի, Ռուսաստանի և Կենտրոնական Ասիայի հետ՝ միաժամանակ իր տարածքով տարածաշրջանային մյուս երկրների համար հաղորդակցությունների հասանելիությունն ապահովելու սկզբունքով։

Հայաստանի՝ Թուրքիայի և Ադրբեջանի սահմաններ հասնող երկաթուղային հատվածները գտնվում են ռուսական կոնցեսիայի ներքո։ Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանը պատրաստ է նաև սեփական միջոցներով վերականգնել այդ հատվածները։

Հայկական կողմը տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը դիտարկում է որպես տնտեսական և տրանսպորտային կապերի ընդլայնման հնարավորություն՝ շեշտելով երկրների ինքնիշխանության, իրավազորության, փոխադարձության և հավասարության սկզբունքները։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode