Նելլի Վահանյանը դադարեցնում է ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղարի աշխատանքը
ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Նելլի Վահանյանը հայտնել է, որ այսօրվանից դադարեցնում է նախարարի մամուլի քարտուղարի իր պարտականությունները։
Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ նախարարությունում աշխատած երկու տարին իր համար եղել է «մեծ ու արժեքավոր դպրոց»։
Վահանյանի խոսքով՝ այս ընթացքում նախարարության հաղորդակցության ոլորտում մի շարք փոփոխություններ են իրականացվել։ Մասնավորապես, իրականացվել է նախարարության ռեբրենդինգը, ստեղծվել են նոր տեսաշարեր և ձևաչափեր, վերանայվել են հաղորդակցության որոշ մոտեցումներ։ Նրա խոսքով՝ փորձել են հանրությանը ներկայացնել ոչ միայն այն, թե ինչ է արվում, այլև՝ ինչու է արվում։
«Շատ գործեր, հանդիպումներ, ասուլիսներ, նկարահանումներ, երբեմն՝ շատ երկար օրեր։ Մի խոսքով՝ երկու տարի, որի ընթացքում հաստատ ձանձրանալու ժամանակ չկար»,- գրել է նա։
Վերջինս շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ վստահության, ազատ աշխատելու հնարավորության, ուղիղ ու արդար լինելու և մարդկային ջերմ վերաբերմունքի համար։ Նա նշել է, որ նախարարի կողքին աշխատելը իր համար եղել է կարևոր փորձ և մեծ պատիվ։
Վահանյանը շնորհակալություն է հայտնել նաև իր վարչության աշխատակիցներին՝ նշելով, որ միասին անցել են թե՛ լավ, թե՛ լարված օրերի, ունեցել են հաջողված և ոչ այնքան հաջողված փորձեր, սակայն այդ ընթացքում դարձել են թիմ։
Նա առանձնացրել է նաև այն հանգամանքը, որ աշխատանքից բացի նախարարությունում ձեռք է բերել մարդկանց, որոնց հետ կապը, իր համոզմամբ, աշխատանքային հարաբերությունների ավարտով չի ավարտվի։
«Սրտումս մի մեծ շնորհակալություն կա բոլորին»,- իր գրառումը եզրափակել է Նելլի Վահանյանը։