Հայաստանը չի պատրաստվում հրաժարվել ռուսական շուկայից։
Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նրա խոսքով՝ ռուսական կողմի բարձրացրած խնդիրները քննարկվում են ռուս գործընկերների հետ։ Այս ընթացքում Երևանը կարողացել է մի շարք ուղղություններով արտահանման դիվերսիֆիկացիա ապահովել։ Ըստ նրա՝ տնտեսությունը մեծ հարված է ստացել, բայց ճգնաժամի մեջ չի հայտնվել՝ կարողանալով առաջին կիսամյակում 6 տոկոսով աճ գրանցել։
Հիշեցնենք` Ռոսսելխոզնադզորը մայիսից սկսեց սահմանափակել Հայաստանից ՌԴ ներմուծվող ապրանքները, սկզբում` ձուկն ու ծաղիկները, ապա` միրգ–բանջարեղենի որոշ տեսակները։ Հունիսի 2-ից Ռոսսելխոզնադզորը սահմանափակեց կորիզավոր մրգերի՝ բալի, կեռասի, ծիրանի, սալորի, դեղձի, նեկտարինի և խաղողի ներմուծումը Հայաստանից։
Գերատեսչությունն այս որոշումները բացատրում է հայտնաբերված խախտումներով և բուսասանիտարական անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ։ Նշենք, որ Ռուսաստանը հայկական գյուղմթերքի իրացման հիմնական շուկան է. ՌԴ–ին է բաժին ընկում Հայաստանի արտահանման ավելի քան 90 տոկոսը։