Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար նախատեսված բնակապահովման պետական ծրագրի շրջանակում մինչ այս պահը շուրջ 8300 հավաստագիր է տրվել, որոնցից մոտ 4600-ն արդեն իրացվել է։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը։
Միջին հաշվարկով՝ հավաստագրեր ստացած ընտանիքներն ունեն 4-5 անդամ, ստացվում է, որ պետության աջակցությամբ 33200-37350 արցախցի ՀՀ-ում անշարժ գույք է ձեռք բերել կամ այդ ճանապարհին է։ Ըստ Ղարագյոզյանի՝ այս պահին շուրջ 70 տուն կառուցապատման փուլում է։
Հավաստագրերի ամենամեծ տոկոսն իրացվել է Կոտայքի մարզում (28%), երկրորդ տեղում Արմավիրն է (17%), երրորդում՝ Արարատը (14%)։ Հաջորդում է Երևանը (11%), ապա՝ Լոռին (9%), Սյունիքը (6%), Գեղարքունիքն ու Շիրակը (յուրաքանչյուրում՝ 4%)։ Ամենացածր ցուցանիշներն Արագածոտնում են (3%), Տավուշում (2,4%) և Վայոց Ձորում (1,6%)։
Ղարագյոզյանի խոսքով՝ ակնկալվում է, որ մինչև տարեվերջ ստացված հավաստագրերի քանակը կլինի շուրջ 10 հազար, իսկ իրացվածները՝ 6000-ին մոտ։ Ընդհանուր առմամբ, ծրագրի ավարտին ակնկալվում է այս թիվը հասցնել 15 հազարի։
Սոցապնախարարության ներկայացուցիչը հիշեցնում է՝ թեպետ կառավարության որոշումը հաստատվել էր 2024թ․ մայիսին, բայց ծրագիրը կառուցողական փուլ մտավ միայն 2025թ․ կեսերից, երբ ծրագրում կատարվեցին բարեփոխումներ։ Եթե մինչ այդ ծրագիրը միայն կոնկրետ սոցիալական խմբի ընտանիքների համար էր (հաշմանդամություն ունեցող անդամ, 3 և ավելի երեխա և այլն – խմբ․), դրանից հետո ծրագիրը դարձավ բոլորի համար։ Իսկ 2026թ․ մարտից վերանայվեցին աջակցության չափերը և բոլոր մարզային բնակավայրերը (բացառությամբ Երևանի և այն բնակավայրերի, որտեղ 5 մլն է գումարը– խմբ․) դարձավ 4 մլն դրամ։
Ղարագյոզյանի խոսքով՝ այս փուլում ևս որոշակի խնդիրներ, միևնույն է, լինում են։
«Մասնավորապես, գլխավոր խնդիրն այն է, որ շահառուներից շատերը նախընտրում են Երևանը, իսկ այստեղ աջակցության չափը 3 մլն դրամ է։ Փոքր կազմով ընտանիքների դեպքում, թեպետ մեծ կազմի դեպքում էլ, իրատեսական չէ առանց հավելյալ միջոցների ներգրավման ձեռք բերել գույք։ Իսկ մարզային բնակավայրերում գույքի ձեռքբերման հետ կապված խնդիրներ չկան»,- նշում է Ղարագյոզյանը՝ հիշեցնելով, որ ծրագրի ևս մեկ պայման կա՝ նվազագույնը 9 քառակուսի մետր բնակմակերես ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով։
Ղարագյոզյանի խոսքով՝ իրացված հավաստագրերի 60 տոկոսի դեպքում լրացուցիչ վարկային միջոցների ներգրավման կարիք շահառուները չեն ունեցել, այսինքն՝ տուն են ձեռք բերել կամ կառուցել 100 տոկոս սուբսիդավորմամբ։
40 տոկոս դեպքերում լրացուցիչ միջոցների կարիք եղել է, քանի որ շահառուները նախընտրել են բնակարան ձեռք բերել Երևանում կամ երևանամերձ համայնքներում, որտեղ ևս անշարժ գույքի գները բարձր են։