45
<<Ցավում եմ, որ որոշ ընդդիմադիր շրջանակներ սեփական սխալների ու ձախողումների պատճառները փորձում են փնտրել իրենցից դուրս>>,- ֆեյսբուքյան գրառում է արել «Միասնության թեւեր» կուսակցության նախագահ, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը։
Նրա խոսքով, քաղաքականության մեջ կարևոր կարողություն է ինքնավերլուծությունը։ Չհիմնավորված նեղացվածությունը չի կարող փոխարինել դրան։
<<Սա հեռանկար չունեցող ու վտանգավոր մոտեցում է: Մանավանդ, որ հարցերը ներկայացվում են միակողմանի՝ շրջանցելով ամբողջական պատկերը։ Միշտ ենք պատրաստ եղել համախմբման, երբ այն իսկապես հանուն Հայաստանի է և ուղղված է մեր երկրի ու ժողովրդի առջև ծառացած խնդիրների իրական լուծմանը։ Դրանցից կարևորներից է այն, որ բաժանարար գծեր ընդդիմության և հասարակության միջև պետք է ոչ թե ստեղծել կամ եղածները խորացնել, այլ վերացնել դրանք: Վերջին չորս ամիսների ընթացքում մենք արել ենք կոնկրետ գործեր, որոնք հիմա անհրաժեշտ են Հայաստանին: Դրանց թվում զգալի մաս վերաբերում է սահմանային անվտանգությանն ու մեր քաղաքացիների պաշտպանությանը` տարբեր գյուղերում իրականացրել ենք նոր փաստահավաք աշխատանքներ, նախապատրաստել ենք մի քանի տասնյակ կոնկրետ գործեր մեր երկրի տարածքների օկուպացիայի, մեր ժողովրդի նկատմամբ շարունակվող մյուս հանցանքների վերաբերյալ: Ներկայում հատուկ [պաշտոնական] ընթացակարգերով դիմում ենք միջազգային կառույցներին` այս հարցերը միջազգային օրակարգ բերելու համար։
Հ.Գ. Ու քանի որ մենք հաշվետու ենք հանրությանը, առաջիկայում կներկայացնենք այս աշխատանքի արդյունքները, ինչպես նաև այն, թե ինչպես ենք դրանք պատրաստում հրապարակման և ինչպես ենք ներկայացրել միջազգային կառույցներին>>,- գրել է Թաթոյանը։
Հիշեցնենք, որ օրերս ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն ասել էր, որ ընտրություններին մասնակցած ընդդիմադիր ուժերի վրա է պատասխանատվությունը, որ ՔՊ-ն մեծամասնություն ունեցավ ԱԺ-ում, քանի որ իրենք առաջարկել էին միավորվել` չէին համաձայնել:
Խոսքը, ամենայն հավանականությամբ, ուղղված էր Արման Թաթոյանին, որի մասով ստացված տվյալները բազմիցս ներկայացվել են իրեն: Ըստ բոլոր հարցումների, «Միասնության թեւերը» չէր հաղթահարում 3-3,5 տոկոսի շեմը, սակայն, զարմանալիորեն, երբ միավորվում էր «Ուժեղ Հայաստանի» հետ, առնվազն 4 տոկոսի կոնսոլիդացիոն քվե էր ապահովում միավորված ուժի համար, ուստի ամենից շատ բանակցել են Արման Թաթոյանի հետ` փորձելով համոզել, որ միանա իրենց:
Բանակցությունների ընթացքում Թաթոյանի տրամադրվածությունը մի քանի անգամ փոխվել է, բայց համաձայնություն այդպես էլ չի կայացել, ուստի արմատական ընդդիմությունը համարում է, որ ամենամեծ վնասն ընդդիմությանը հասցրել է Թաթոյանը` փոշիացնելով ընտրողների ձայները եւ նպաստելով Փաշինյանի վերարտադրությանը: