Արցախի անկախությունը թաղված չէ անցյալի փոշիներում. Արամ Ա

կողմից admin2

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Արցախի օրվա առիթով ուղերձում ընդգծել է Արցախի պատմական, ազգային և հոգևոր նշանակությունը՝ կոչ անելով չսահմանափակվել միայն հիշողությամբ։

«Վայ այն ազգին, որն իրեն բանտարկում է ներկա շահերի նեղ շրջանակում՝ թաքնվելով իրապաշտության քողի տակ։ Պատմության բեմում մնում են այն ազգերը, որոնք տեսնում են իրենց ներկան՝ ամրագրված անցյալով, ամրապնդված ապագայի տեսլականով և առաջ են գնում նորոգված հավատով ու հույսով»,– նշել է Արամ Ա-ն։

Կաթողիկոսի խոսքով՝ Արցախի հարցը չպետք է դիտարկվի միայն որպես անցյալի էջ։ Նրա շեշտադրմամբ՝ անհրաժեշտ է հիշողությունը վերածել կոնկրետ պայքարի և հետևողականորեն պաշտպանել արցախահայության իրավունքները։

«Պետք է ոչ միայն հիշել, այլև հիշողությունը վերածել Արցախի անկախության վերականգնման, արցախահայության վերադարձի իրավունքների և արցախցի քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման պայքարի»,– հայտարարել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը։

Արամ Ա-ն միաժամանակ ընդգծել է հավատքի, ազգային հիշողության և ապագայի տեսլականի կարևորությունը՝ շեշտելով, որ ժողովուրդները պատմության մեջ շարունակում են իրենց ընթացքը այն ժամանակ, երբ չեն հրաժարվում իրենց անցյալից և ձգտում են ձևավորել սեփական ապագան։

Focus Mode