Չկա կենսաբազմազանության պաշտպանություն՝ առանց մարդու իրավունքների և արդարության, այդ իսկ պատճառով «COP17»-ի օրերին բողոքի ակցիաների շարք է լինելու։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Սայիդա Պողոսյանը՝ նշելով, որ ակցիաները կսկսեն վաղը՝ ՀՀ կառավարության շենքի դիմաց խաղաղ ակցիայով ու մամուլի ասուլիսով, որի ընթացքում կներկայացնեն հաջորդող օրերի անելիքները։
Ակցիային կմասնակցեն ՀՀ, Արցախի կուսակցությունների ու ՀԿ ներկայացուցիչներ, բնապահպաններ ու անհատներ։
«Մինչ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել «COP17»-ը, մենք հավաքվում ենք՝ Հայաստանի կառավարությանը և միջազգային հանրությանը հիշեցնելու, որ բնության պաշտպանությունն անբաժանելի է մարդու իրավունքներից։ Ակցիաները մի քանի ուղղություն են ունենալու։
Առաջինը՝ Արցախի բնիկ ժողովրդի վերադարձի իրավունքի բարձրացումը «COP17»-ի շրջանակում, այն հիմքով, որ այդքան մարդ զրկված է իր կենսատարածքում գործունեություն ծավալելու հնարավորությունից։ ՄԱԿ-ը և մնացած կառույցները պետք է աջակցեն, որ Արցախի բնիկ ժողովուրդը իրավունք ունի վերադառնալ հայրենիք։
2-րդ ուղղությունը վերաբերում է գերիներին, որովհետև կենսաբազմազանություն ասելով ոչ միայն բնությունն ի նկատի ունենք, այլև՝ մարդկանց և այդ մարդկանց նույնպես կտրել են իրենց տնից-տեղից՝ ապօրինի պահելով Ադրբեջանում։
Հաջորդ ուղղությունները լինելու են Ամուլսարը և Հայաստանում բռնաճնշումները, որովհետև Հայաստանի բնությունն ու ջրային պաշարները վտանգվում են Ամուլսարի և այլ հանքարդյունաբերական ծրագրերով, ինչպես նաև Հայաստանում լուրջ մտահոգություններ կան քաղաքական դրդապատճառներով ազատազրկումների վերաբերյալ»,- մանրամասնեց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամը։