Թեղուտի հողը վնասելու գործով 4.9 մլն դրամի վնասը վերականգնվել է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում հողը վնասելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պետությանը պատճառված 4 մլն 911 հազար 364 դրամի վնասը ամբողջությամբ վերականգնվել է։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։
ՔԿ-ի փոխանցմամբ՝ նախաքննությամբ ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ այն մասին, որ 2013 թվականի փետրվարի 20-ին հանքարդյունաբերական ընկերությանը տրամադրվել էր օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք՝ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման համար։
Այդ իրավունքի ժամկետը լրացել է 2026 թվականի փետրվարի 8-ին, սակայն, ըստ քննության ընթացքում ձեռք բերված տվյալների, ընկերությունը շարունակել է գործունեությունը։
Քրեական վարույթի շրջանակում քննության է առնվել նաև մեկ այլ դեպք։ ՔԿ-ի հաղորդմամբ՝ 2026 թվականի մարտի 16-ին և 17-ին մեկ այլ ընկերության կողմից Լոռու մարզի Թեղուտ բնակավայրի լեռնահանքային համալիրի պոչամբարի տարածքից, առանց համապատասխան թույլտվության, բեռնատարներով հանվել և Ալավերդու նախկին լեռնամետալուրգիական գործարանի տարածք է տեղափոխվել հողի բերրի շերտի մեծաքանակ զանգված։
Նշված հողը նախատեսված է եղել հետագայում ծառատունկի ընթացքում օգտագործելու համար։
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ պոչամբարի տարածքից տրամադրվել է 988.6 քմ մակերեսով սևահողային լեռնային զանգված, ինչի հետևանքով, ըստ ՔԿ-ի, առաջացել է հողի դեգրադացում։
Քննության արդյունքում պետությանը պատճառված 4 մլն 911 հազար 364 դրամի վնասը ամբողջությամբ վերականգնվել է։