Հայ դատի կենտրոնական խորհուրդը հրապարակում է “Justice” According to Azerbaijan (Արդարադատություն ըստ Ադրբեջանի) անգլերեն հատուկ զեկույցը՝ Ռուբեն Վարդանյանի դատավարության վերաբերյալ։
Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայ դատի կենտրոնական խորհրդի գրասենյակը։
«Նախկին պետնախարարը Բաքվի ռազմական դատարանի 2026 թ. փետրվարի 17-ի դատավճռով դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Զեկույցը նախատեսված է միջազգային լսարանի համար և լրացնում է ՀԴԿԽ-ի կողմից արդեն իսկ տարածված հայերեն ժողովածուին, որն ամբողջությամբ վերահրատարակում է Տարոն Սիմոնյանի՝ «Փաստինֆո»-ում լույս տեսած վերլուծական շարքը։
Զեկույցի հիմնական եզրահանգումները՝ Դատարանը 14 տարի է նշանակել այնպիսի հանցանքի համար, որի մեղադրանքը երբեք չի առաջադրվել։ Այդ հոդվածը չկա ո՛չ մեղադրական եզրակացության մեջ, ո՛չ էլ մեղավոր ճանաչման մասում։ Դատավճռում վկայակոչված ավելի քան 2000 դատաբժշկական եզրակացությունից ոչ մեկում Վարդանյանի անունը չկա, և ոչ մի վկա նրա որևէ արարք չի նկարագրում։
Քաղաքացիական անձին դատել է ռազմական դատարանը։ Միջազգային փաստաբանին մերժվել է մուտքը, իսկ շուրջ 60 նիստերից և ոչ մեկում անկախ միջազգային դիտարկում չի թույլատրվել։
«Դատավճռի հակասությունները բոլորը կարող են ստուգել։ Ռուբեն Վարդանյանը և բոլոր հայ պատանդները պետք է ազատ արձակվեն հիմա»․ Զեկույցի հրապարակման առթիվ նկատել է Հայ դատի կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր Խաչատուրեանը։
ՀԴԿԽ-ն կոչ է անում անհապաղ և անվերապահ ազատ արձակել Ռուբեն Վարդանյանին և Ադրբեջանում պահվող բոլոր 20 հայ պատանդներին»,- ասված է հաղորդագրության մեջ։