Գործարար Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել «Հրազդան ցեմենտ» գործարան․ Տեղեկությունը հրապարակվել է Նալբանդյանի «Project Inter Invest» ընկերության էջում։
Նալբանդյանը Հայաստանում հայտնի է նաև «88» սուպերմարկետների ցանցով։ «Հետք»-ը 2025 թվականին գրել էր, որ գործարարին պատկանում է «88»-ը, իսկ նույն տարվա փետրվարին նա ձեռք էր բերել նաև «Ծիրան» սուպերմարկետների ցանցը։ Այդ ժամանակ Նալբանդյանը հայտնել էր, որ «88» և «Ծիրան» ցանցերը շարունակելու են գործել առանձին։
«Հրազդան ցեմենտ»-ը 2001 թվականին սեփականաշնորհվել էր Միխայիլ Բաղդասարովի կողմից և գործել «Միկա-Ցեմենտ» անվամբ։ Պարտավորությունների կուտակումից հետո 2016 թվականին այն անցել էր «ՎՏԲ-Հայաստան» բանկին, իսկ 2017 թվականի վերջին գործարանը ձեռք էր բերել «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ընկերությունը։ Վերջինիս հիմնադիր «Ջի Էմ Հոլդինգի» սեփականատերերի թվում նշվել են Վիտալի Գրիգորյանցն ու Արսեն Միքայելյանը։
«Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ-ն սնանկ է ճանաչվել, իսկ 2026 թվականին նրա գույքի վաճառքի վերաբերյալ արդեն հրապարակվել են աճուրդի հայտարարություններ։ Հունիսին հրապարակված պաշտոնական ծանուցմամբ՝ վաճառքի էր ներկայացվել ընկերությանը պատկանող անշարժ և շարժական գույքը՝ ավելի քան 12.3 միլիարդ դրամ ընդհանուր արժեքով։
Նոր սեփականատիրոջ ծրագրերի վերաբերյալ «Project Inter Invest»-ը հայտարարել է լայնածավալ ներդրումների և նոր աշխատատեղերի ստեղծման մասին։