Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևի հետ։
Փաշինյանը շնորհավորել է Տոկաևին՝ Կուրուլտայի ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ։ Նա նշել է, որ քվեարկության համոզիչ արդյունքները վկայում են Ղազախստանի քաղաքացիների լայն աջակցության մասին Տոկաևի իրականացրած բարեփոխումներին։
Ղազախստանի նախագահը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին շնորհավորանքների և բարեմաղթանքների համար՝ ընդգծելով երկու երկրների միջև բազմաոլորտ համագործակցության զարգացման կարևորությունը։
Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային տրանսպորտային ծրագրերի իրականացման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները։
Փաշինյանն ու Տոկաևը պայմանավորվել են քննարկումները շարունակել առաջիկա հանդիպումների ընթացքում, մասնավորապես՝ Ղազախստանի նախագահի՝ հոկտեմբերին Հայաստան նախատեսվող այցի շրջանակում։