Ռուբեն Վարդանյանի դատավարության արդյունքը լեգիտիմ չէ, և մենք մեր իրավական փաստարկները ներկայացրել ենք ՄԻԵԴ,- ասել է ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
Գործին արդեն իսկ տրված է համար, այն քննվելու է դատարանի կողմից։
«Ռուբեն Վարդանյանի դատավճռի ուսումնասիրությունը մեզ ցույց տվեց, որ տեղի են ունեցել մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ, ողջ դատավարությունը եղել է ֆարս»,-ասել է Սահակյանը։
«Դատավճիռն էտալոնային է, որտեղ ոչ միայն խախտված են իրավական ու բարոյական նորմերը, այլ նաև՝ մարդկային ողջամտության ու բանականության սահմանները։Այնտեղ տեղ գտած «փաստերն ու ապացույցները» ու դրանց հիման վրա կատարված եզրահանգումներն ուղղակի չեն տեղավորվում բանականության տիրույթում»,-ասել է Սիրանուշ Սահակյանը՝ նշելով, թե Ռուբեն Վարդանյանին վերագրվել են մի քանի տասնյակ մեղադրանքներ, որոնք իրականության հետ որևէ կապ չունեն, քանի որ չի հաստատվել նրա մասնակցությունն իրեն վերագրված հանցանքներին։
Ռուբեն Վարդանյանի կողմից իրականացված բարեգործությունները ներկայացվել են որպես հանցավոր գործունեություն։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Բաքվի դատարանի կողմից ևս որակվել է որպես հանցավոր գործունեություն, իսկ նախաձեռնության շրջանակներում դափնեկիրներն ընկալվել են որպես հանցավոր կազմակերպության անդամներ»։