Սաակաշվիլին ահազանգում է Վերին Լարսի իրավիճակի մասին

կողմից admin

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Վերին Լարսում ստեղծված իրավիճակը «պետականության համար աղետալի սպառնալիք» է անվանել։

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անդրադարձել է Վրաստան-Ռուսաստան սահմանին՝ Վերին Լարսի անցակետում ստեղծված իրավիճակին՝ այն որակելով որպես «պետականության համար աղետալի սպառնալիք»։

Բանտում գտնվող Սաակաշվիլին իր ֆեյսբուքյան էջում քննադատել է ինչպես Ռուսաստանի քաղաքացիների՝ Վրաստան մուտքի աճող հոսքը, այնպես էլ հարցի վերաբերյալ իշխանությունների և ընդդիմության արձագանքները։

Նրա խոսքով՝ Վրաստանը ներկայումս բախվում է ռուս քաղաքացիների զանգվածային ներհոսքի խնդրին։ Սաակաշվիլին ստեղծված իրավիճակը համեմատել է երկրի պատմության ծանր ժամանակաշրջանների հետ։

Նախկին նախագահի պնդմամբ՝ «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին և Կրեմլը գործում են համաձայնեցված։ Նա նշել է, որ իշխանությունների՝ ռուսատյացության անթույլատրելիության մասին հայտարարություններին հաջորդել է ռուս քաղաքացիների ներհոսքի ակտիվացում։

Սաակաշվիլին չի ընդունել նաև սահմանային հերթերի վերաբերյալ ռուսական կողմի բացատրությունը, ըստ որի՝ կուտակումները պայմանավորված են արձակուրդային շրջանի հետ։ Նրա գնահատմամբ՝ Վրաստանում կարող է սկսված լինել միգրացիոն նոր գործընթաց, որը, ըստ նրա, կհանգեցնի ռուս քաղաքացիների թվի էական աճի երկրում։

Միևնույն ժամանակ, ավելի ուշ հրապարակված գրառմամբ՝ Սաակաշվիլին որոշակիորեն հստակեցրել է իր դիրքորոշումը։ Նրա խոսքով՝ Վրաստանը պետք է առաջնորդվի Բալթյան երկրների մոտեցմամբ՝ թույլ տալով ռուս զբոսաշրջիկների մուտքը, սակայն սահմանափակելով նրանց մշտական կացության իրավունք և արտոնյալ կարգով քաղաքացիություն տրամադրելու հնարավորությունը։

Focus Mode