Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների՝ հոկտեմբերի 25-ին Ստեփանավան համայնքի ՏԻՄ ընտրություններին «Գործարար» կուսակցությունը ստացել է ձայների 41,54 %-ը, «Քաղաքացիական պայմանագիրը» ՝ 35,32 %-ը, «Ուժեղ Հայաստանը»` 19,68 %-ը, իսկ «Հանրապետությունը»` 3,41 %-ը։
«Գործարար» կուսակցության ցուցակը գլխավորում է գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանը, ում աշխատանքից խորհրդարանական ընտրության ժամանակ դժգոհ էր իշխանությունը եւ դա էր պատճառը, որ ՏԻՄ ընտրության ժամանակ իշխանության թեկնածուն Լոռի Բերդ բնակավայրի վարչական շրջանի ղեկավարն էր։
«Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորում է Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը։
«Ուժեղ Հայաստանի» ցուցակը գլխավորում էր Արսեն Գևորգյանը, որ ընտրություններից առաջ ձերբակալվել և կալանավորվել էր ընտրակաշառքի մեղադրանքով։
Հայաստանի 21 համայնքում անցկացված ՏԻՄ ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը Ստեփանավանում է՝ 68,83 %: 19 324 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 68,82 %-ը՝ 13 300 քաղաքացի:
Հրապարակի հետ զրույցում Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը հայտնել էր, որ Արմեն Գրիգորյանը իրենց թեկնածուն չէ։ Գրիգորյանը անգամ հեռացել էր ՔՊ կուսակցությունից ու որպես անկուսակցական էր Գործարարի ցուցակում ներգրավված։ Ի դեպ «Գործարար» կուսակցությունը 2 համայնքում` Գավառում եւ Գորիսում Քաղպայմանագրի հետ դաշինքով է մասնակցում ընտրությանը, իսկ ինքը` Գրիգորյանը, ընտրությունների նախնական արդյունքների ամփոփումից հետ շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին ու արդյունավետ համագործակցություն մաղթել։