ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը կասկածի տակ դրեց իշխանական պատգամավորների հեղինակային իրավունքը՝ նշելով, որ այն հեղինակել է «Փաշինյանի հետ պարբերաբար ապրող կինը»:
Ղազարյանի այս ձևակերպումը բարկացրեց իշխանական պատգամավոր Ռուստամ Բաքոյանին, ով պահանջեց կարգի հրավիրել Ղազարյանին՝ խոստանալով անձամբ միջամտել, եթե մասնակիցներն «իրենց չափի մեջ չմնան»:
Էդգար Ղազարյանը հետաքրքրվեց, թե ինչ անձնական կամ մասնագիտական առնչություն ունեն հեղինակները ընտանեկան բռնության թեմայի հետ. «Եթե Ռուստամ Բաքոյանը լիներ նախագծի հեղինակը, ես կհասկանայի, որ նա կարող է որոշակի առնչություն ունենալ՝ պայմանավորված «Ազատություն» ռադիոկայանի 2022 թ. հրապարակումով, որտեղ նա հայտնվել էր նման մի պատմության մեջ»:
Նա նաև հարցրեց, թե գործող օրենսդրությունը կոնկրետ ինչով էր խանգարում բռնության դեմ պայքարին, երբ իրավապաշտպաններից շատերի կարծիքով խնդիրը ոչ թե օրենքների, այլ իրավակիրառ պրակտիկայի և բարոյահոգեբանական մթնոլորտի մեջ է:
Նախագծի համահեղինակ, ՔՊ պատգամավոր Զարուհի Բաթոյանը նախ կոչ արեց հարգանքով խոսել Աննա Հակոբյանի մասին, ապա նշեց, որ ինքը տարիներ շարունակ զբաղվել է ընտանեկան բռնության հիմնախնդիրներով, և դա հեշտությամբ կարելի է տեսնել համացանցում:
Պատգամավորը չհերքեց, որ նախագիծն արձագանքում է Աննա Հակոբյանի սկսած հանրային արշավին, սակայն շեշտեց, որ բուն նախագիծը մշակվել է Կառավարության, մասնավորապես՝ Ներքին գործերի նախարարության հետ սերտ համագործակցությամբ. «Տիկին Հակոբյանն առաջարկ էր արել հանդիպել բոլոր խմբակցություններին, քանի որ ընտանեկան բռնության թեման քաղաքական չէ: Այդ առաջարկն ընդունեց միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը:
Մեր նախագիծն արձագանքում է Աննա Հակոբյանի արշավին, և ես շատ ուրախ եմ, որ նա մեծ հնչեղություն է տալիս այս խնդրին. հանրային իրազեկումը նույնքան կարևոր է, որքան օրենսդրական փոփոխությունները»:
Անդրադառնալով քաղաքացիների համար նախագծի գործնական նշանակությանը՝ Բաթոյանը պարզաբանեց, որ փաթեթով վերացվում է անարդյունավետ «նախազգուշացման» ինստիտուտը, Քրեական օրենսգրքում ընտանեկան բռնության համար սահմանվում են խիստ պատիժներ (միջին ծանրության հանցանքները դառնում են ծանր, իսկ ծանրերը՝ առանձնապես ծանր), ինչը իրավապահներին թույլ կտա ավելի հեշտությամբ կալանավորել բռնարարներին և կսահմանափակի նրանց վաղաժամկետ ազատման հնարավորությունը:
Բացի այդ, ներդրվելու է մեկ միասնական պետական թեժ գիծ՝ ահազանգերին օպերատիվ արձագանքելու համար: