«Հրապարակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 13-ին Մասիս համայնքում սպասվող ղեկավարի ընտրությունների պաշտոնական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի վերջերին, բայց իշխանության թեկնածուն, նախկին քաղաքապետ Սաշա Հակոբյանի տղան՝ Հովհաննես Հակոբյանն արդեն քարոզարշավ է իրականացնում։
Նա իր այցերից մեկի ժամանակ հեռախոս է խոստանում 3-4 տարեկան մի երեխայի, ում, պարզվում է՝ մանկության երազանքն է եղել հանդիպել Հակոբյանին: Թեկնածուի քարոզչական թիմի տարածած տեսանյութից պարզ է դառնում, որ երեխային նախապես պատրաստել են, որ նկարեն ու տարածեն:
Հեռախոս գնելու խոստումը լսելուց հետո նա Հակոբյանի համար նախ երգում է «Իմ ախպերս» երգը, հետո կոչով դիմում ժողովրդին. «ժողովուրդ ջան, ո՞ւմ ենք ընտրելու, իհարկե, պարոն Հակոբյանին ենք ընտրելու»։ Մի տեսանյութում երկու խախտում` նախընտրական կաշառք եւ անչափահասին քաղաքական գովազդի մեջ օգտագործում։