«Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ ՀՖՖ-ն արտահերթ նիստ է հրավիրել, նպատակ ունի փոխել կանոնադրությունը։
Հոկտեմբերի 16-ին «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության 34 անդամից 29-ը արտահերթ ժողով անցկացնելու առաջարկ են ներկայացրել՝ նպատակ ունենալով փոփոխություններ և լրացումներ կատարել ՀՖՖ կանոնադրությունում։
ՀՖՖ-ի առաջարկվող փոփոխություններից մեկը վերաբերում է Գործադիր կոմիտեի անդամի թեկնածուներին ներկայացվող պահանջներին։ Գործող կանոնադրությամբ՝ թեկնածուն պետք է վերջին մեկ տարում մշտապես բնակված լինի Հայաստանում և տիրապետի հայերենին։ Նախագծով առաջարկվում է վերացնել այս երկու պահանջները՝ պահպանելով ՀՀ քաղաքացիության և առնվազն 25 տարեկան լինելու պայմանները։
Մյուս փոփոխությունը վերաբերում է պաշտոնավարման ժամկետների հաշվարկին։ Առաջարկվում է, որ եթե անձը տվյալ պաշտոնում պաշտոնավարել է երկու տարուց պակաս, այդ ժամանակահատվածը չհաշվարկվի որպես մեկ ամբողջական ժամկետ, իսկ երկու տարի և ավելի պաշտոնավարման դեպքում հաշվարկվի որպես ամբողջական ժամկետ։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս փոփոխությունները քննարկվում են ՀՖՖ նախագահի առաջիկա ընտրությունների համատեքստում։ ՀՖՖ-ի ղեկավարության համար պայքարում է Դենիս Ջորկաեֆը՝ Յուրի Ջորկաեֆի եղբայրը, ով հայրենի չի տիրապետում և ՀՀ-ում չի բնակվում։
«Ժողովուրդ»-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՀՖՖ փոխնախագահի պաշտոնում լինելու է Արսեն Բալաբեկյանը, և ֆեդերացիայի հետ կապված հարցեր «լուծողը» ինքն է լինելու։ Մենք տեղեկացանք, որ Բալաբեկյանի թեկնածությունն առաջ է տանում ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Սիմիդյանը։
Մյուս կողմից՝ ֆուտբոլային երկրպագուների «ՖԱՖ» շարժման շրջանակներում, ըստ շրջանառվող տեղեկությունների, ցանկալի թեկնածու է համարվում Գևորգ Ղազարյանը։
Այսպիսով, ՀՖՖ արտահերթ ժողովի օրակարգում ընդգրկված կանոնադրական փոփոխությունները կարող են էական նշանակություն ունենալ դեկտեմբերին սպասվող ընտրությունների համար։