Մոսկվան կարևոր է համարում, որ «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի իրականացման ընթացքում հաշվի առնվեն Ռուսաստանի և Իրանի շահերը, նշում է ՌԴ ԱԳՆ-ն։
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։
«Այս նախագիծը չպետք է տարածաշրջանում բաժանարար նոր գծեր ստեղծի։ Հակառակ դեպքում տրանսպորտային և լոգիստիկ այս նախաձեռնությունը պարզապես դատապարտված է ձախողման», — ասել է Զախարովան։
Ռուսաստանի ԱԳՆ խոսնակի գնահատմամբ՝ հայ-ամերիկյան նախաձեռնության շուրջ դեռ ավելի շատ հարցեր կան, քան պատասխաններ։ Նրա խոսքով՝ մինչ օրս չեն հրապարակվել նախագծի հիմնական ցուցանիշները, շինարարության ծավալներն ու ժամկետները, ենթակառուցվածքների օգտագործման պայմանները, ինչպես նաև բեռնափոխադրումների հեռանկարները։
Զախարովան նաև պնդել է, որ «Թրամփի ուղին» մեծապես կրկնում է այն աշխատանքը, որն անցած տարիներին իրականացվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների գլխավորած եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում։
Նրա խոսքով՝ այն ժամանակ քննարկվում էր ոչ միայն Հայաստանի հարավով Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի միջև հաղորդակցության ապահովումը, այլև հայկական երկաթուղային ենթակառուցվածքների ամբողջական ապաշրջափակումը՝ դեպի Թուրքիա, Իրան և Ռուսաստան ելքերով։
Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը հիշեցրել է նաև, որ Երևանը 2023 թվականին սառեցրել է իր մասնակցությունն այդ եռակողմ աշխատանքային խմբին։