Վեհափառ Հայրապետի և եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։
«News.5tv.am»-ի տեղեկություններով՝ Գալստյանի հեռանալը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ գործը նախաքննության փուլից ուղարկվել է դատարան։ Լավատեղյակ աղբյուրը պնդում է, որ դատախազության ղեկավարությունն ի սկզբանե Գալստյանին հայտնել է, թե գործը հեռանկար չունի և կարող է կարճվել նախաքննության փուլում։ Ըստ նույն աղբյուրի՝ գործը, սակայն, ուղարկվել է դատարան, ինչի հետևանքով Գալստյանը կանգնել է ընտրության առաջ՝ շարունակել որպես հանրային մեղադրող և դատարանում պաշտպանել մեղադրանքը կամ հեռանալ համակարգից։
5TV-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Գալստյանը նախընտրել է հեռանալ աշխատանքից։ Միաժամանակ, ըստ լրատվամիջոցի տեղեկությունների, գործով հանրային մեղադրող է նշանակվել գլխավոր դատախազի տեղակալ Արամ Արամյանը։
Դատախազությունից հաստատել են, որ Խաչատուր Գալստյանն այլևս չի աշխատում դատախազությունում և հեռացել է սեփական դիմումի հիման վրա։ Միաժամանակ կառույցը նշել է, որ նրա հեռացումը կապված չէ Վեհափառի և եպիսկոպոսների գործի հետ։