Յուրի Խաչատուրովը բացահայտումներ է արել դատարանում

կողմից admin1

Մոսկվայում նստած էի գրասենյակում, երբ զանգ ստացա։ Քննիչը զանգել է, ասել՝ պարոն գեներալ, խնդրում եմ եկեք որպես վկա, ասացի՝ շատ լավ, կգամ, եթե պետք է, կգամ։ Տոմս եմ վերցրել, եկել եմ, քննիչ Հրաչյա Մուշեղյանը շատ բարեհամբույր, ժպիտով։ Հարցնում եմ՝ ինչ հանցագործության վերաբերյալ, այն ժամանակ ինչ-որ մեկն ինձ պարտք էր, ոչ այս ոչ այն՝ ասաց ես Ձեզ ձերբակալում եմ։ Մի քանի ժամից հետո դատական նիստ էր, ձերբակալեցին։ Երևի շատ չէին ցանկանում փչացնել հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, գրավի դիմաց ազատ արձակեցին։ Այս մասին դատական նիստում հայտարարեց Յուրի Խաչատուրովը՝ նշելով, որ ինքը գրավը վճարել էր, իրավունք ուներ երկրից մեկնելու, գնացել է Մոսկվա, աշխատել հուլիսից նոյեմբեր։

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, այսօր կայացած դատական նիստում դատարանը քննարկել է Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը։ Նրա պաշտպան Միհրան Պողոսյանը նշել է, որ Յուրի Խաչատուրովի դիվանագիտական անձեռնմխելիությունը հաղթահարված չէ։ Պողոսյանը հիշեցրել է, որ քրեական հետապնդումը, ինչպես այժմ ներկայացնում է դատարանը, 2018 թվականի հուլիսին նախաձեռնված քրեական հետապնդման շարունակությունն է։ Այսպիսով, այն ժամանակ և հետագայում չի հաղթահարվել Յուրի Խաչատուրովի նկատմամբ միջազգային դիվանագիտական անձեռնմխելիությունը, որն այդ պահին եղել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։ Պաշտպանության կողմը միացավ միջնորդությանը՝ պնդելով, որ հետապնդումը պետք է դադարեցվի։ Ռոբերտ Քոչարյանը ևս հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ սա այն դասական դեպքն է, երբ քննչականն իր ապօրինությունն ուղղորդում է դեպի դատարան գրպան։

«Եթե խնդիր ունես քո ներկայացուցչի հետ, այդ մարդուն հետ ես կանչում, հետո գործ հարուցում։ Ինչ-որ բաներ ենք քննարկում․․․ դատախազը, հասկանում եմ, ինչ-որ խնդիր ունի, փորձում է իրար կպցնի, ինչ-որ բան սարքի, բայց իրական պատկերը սա է»,- ասաց Քոչարյանը՝ հիշեցնելով, որ եթե խնդիր կա ՀԱՊԿ-ում ներկայացուցչի հետ՝ մարդուն հետ ես կանչում կամ սպասում ժամկետը լրանա, նոր քրեական հետապնդում հարուցում։ Նրա խոսքով՝ միջազգային պրակտիկայում նման բան չկա։

Հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը հայտարարեց, որ ամբողջությամբ առարկում է միջնորդությունը: Դատարանը հայտարարեց, որ այս հարցով որոշումը կհրապարակի հաջորդ դատական նիստին։

Հիշեցնենք, որ 2008թ․ մարտի 1-ի իրադարձություններին առնչվող՝ իբրև սահմանադրական կարգի տապալման գործով մեղադրյալի կարգավիճակում էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու համար, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։
ՍԴ-ի կողմից՝ 2021թ․ մարտի 26-ին ՀՀ Քրեական օրենսգրքի (2003թ․) 300,1-րդ հոդվածը Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչելուց հետո Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, սահմանադրական կարգի տապալման դրվագով կարճել էր քրեական գործը և դադարեցրել քրեական հետապնդումը՝ հանցադեպի բացակայության հիմքով, թեև դատախազները պահանջում էին վերաորակել արարքը։

Դատախազության վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Վճռաբեկ դատարանը դիմել էր ՍԴ՝ վիճարկելով Քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների Սահմանադրությանը համապատասխանելու հարցը: Խնդիրը 1998-ին ընդունված, այժմ մասնակի գործող Քրեական դատավարության օրենսգրքի 309.1 հոդվածի 3-րդ մասն էր, որը հնարավորություն չէր տալիս հոդվածը հակասահմանադրական ճանաչելուց հետո դատարանում վերաորակել մեղադրանքը: ՍԴ-ն որոշել է մասնակի բավարրարել դիմումը՝ նշելով, որ թեև հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը, այն մեկնաբանությամբ, որ ամբաստանյալին մեղսագրվող արարքը հակասահմանադրական ճանաչվելիս մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը մեղադրյալի արարքում քրեական օրենքով նախատեսված այլ արարքի հատկանիշների առկայության պարագայում՝ անկախ դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտումից: Վճռաբեկ դատարանը որոշել է բավարարել դատախազության բողոքը։

 

Focus Mode