Վեհափառի պաշտպանը միջնորդեց դադարեցնել քրեական հետապնդումը

կողմից admin1

Վեհափառ Հայրապետի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդություն է ներկայացվել դատարան։

Արա Զոհրաբյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Վեհափառին և եպիսկոպոսներին վերագրվում է նախկին եպիսկոկոսին՝ այժմ Արման Սարոյանին, կարգալույծ անելը, ինչը բացառապես ՀԱՍԵ ներքին հարցն է, կարգալույծ հռչակելը չի կարող հանցանք համարվելւ ինչին պետությունը միջամտել չի կարող։ Վեհափառին մեղսագրվող գործողությունը հանցագործություն չէ, դրանից զատ՝ նման միջամտությամբ խախտվում է Վեհափառի գործառութային անձեռնմխելիությունը, ինչը ևս քրեական հետապնդումը դադարեցնելու հիմք է։

Հոգևորականի կարգավիճակի, այդ թվում՝ կարգալույծ հռչակելու հարցը բացառիկ ՀԱՍԵ կանոնական գործընթաց է, աշխարհիկ դատարանը, պետությունը չի կարող որոշել՝ ով է եպիսկոպոս, ով՝ ոչ, խախտել է արդյոք Արման Սարոյանը հնազանդության ուխտը, որ կարգալույծ է եղել, թե ոչ։ Միայն այն հանգամանքը, որ ժամանակագրորեն անձը կարգալույծ է հռչակվել աշխարհիկ դատարանի որոշումից հետո, դեռևս չի ենթադրում, որ խոչընդոտվել է դատական ակտի կատարումը, դա չի կարող դիտարկվել որպես գործողություն՝ ընդդեմ պետական դատարանի, կարգալույծ հռչակելը, որը բացառապես ՀԱՍԵ ներքին կանոնական հարցն է, ոչ թե աշխարհիկ կամ հարհադիր, աշխարհիկ հետևանք չունի։ Զոհրաբյանը հիմնավորեց, որ պետությունը չի կարող միջամտել եկեղեցու ներքին հարցերին, սահմանադրորեն նման իրավունք չունի։ Այդպիսով՝ խախտվում է կրոնական կազմակերպության ինքնավարությունը։ Ընդ որում, այս դեպքում պետության միջամտությունը շատ ավելի մեծ է, քանզի առկա է քրեական պատասխանատվության սպառնալիք։ Այլ խոսքով՝ եթե տվյալ իրավիճակում կաթողիկոսը կարգալույծ հռչակի եպիսկոպոսին, ապա կարող է պատասխանատվութրան ենթարկվել, այսինքն՝ կրոնական կազմակերպունը պետք է համաձայնեցնի՞. իր հոգևոր-կանոնական որոշումները պետության հետ։

Հատկանշական է, որ այս ընթացքում Արման Սարոյանը շարունակել է տնօրինել Մասյացոտնի թեմի հաշիվները, հետևաբար, պարզ չէ, թե ինչպես է դատական ակտի կատարումը խոչընդոտվել՝ ինչպես պնդում է մեղադրող կողմը։

Պաշտպանը նաև միջնորդեց, որ եթե դատարանը չդադարեցնի քրեական հետապնդումը և կարճի վարույթը, ապա դիմի ՍԴ։

Հիշեցնենք, որ Վեհափառ Հայրապետի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ իբրև Արման Սարոյանի գործով դատական ակտը չկատարելու վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում։

Մասնավորապես, Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, այլևս կարգալույծ Գևորգ եպիսկոպոս Սարոյանն իր ավազանի անունով՝ Արման Սարոյան, հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ Հայ առաքելական սուրբ եկեղեցու՝ պահանջելով անվավեր ճանաչել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից իրեն ազատելու մասին Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությունը և որպես հետևանք վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի իր պաշտոնը: Հայցադիմումը վարույթ է ընդունվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդգար Հովհաննիսյանի կողմից։ Վերջինս նաև բավարարել է հայցի ապահովում կիրառելու մասին միջնորդությունը՝ ժամանակավորապես վերականգնելով եպիսկոպոսին՝ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում՝ մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։ Այս որոշումից հետո իրավապահները քրեական վարույթ են նախաձեռնել՝ իբրև դատական ակտը չկատարելու համար, ինչի հետևանքով Գերագույն հոգևոր խորհդի անդամների նկատմամբ քրեական հետապնդումներ են հարուցվել, արգելվել նրանց ելքը՝ ՀՀ-ից։ Փետրվարի 14-ին հայտնի դարձավ, որ քրեական հետապնդում է հարուցվել նաև Վեհափառ Հայրապետի նկատմամբ, նրա նկատմամբ ևս խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ Ընդ որում, իրավապահներն այս խափանման միջոցները կիրառել են՝ Ավստրիայում եպիսկոպոսաց ժողովին ընդառաջ՝ փորձելով տապալել այն։ Այդուհանդերձ, եպիսկոպոսաց հավաքը տեղի ունեցավ։

Focus Mode