Երևանի քաղաքապետարանի Կենտրոնի և Նորք Մարաշի ՔԿԱԳ (քաղաքացիական կացության ակտերի գրանցման) տարածքային բաժնի պաշտոնատար անձը, օգտագործելով իշխանական և ծառայողական լիազորությունները, քաղաքացու տվյալները մուտքագրելու և վերջինիս նոր ծննդյան վկայական տրամադրելու գործընթացը կազմակերպելու համար ստացել է 100 ԱՄՆ դոլար կաշառք, հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն:
Այնուհետև նույն պաշտոնատար անձը ՀՀ ՊՆ զինվորական կոմիսարիատում հաշվառված քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու համար ստացել է 2000 ԱՄՆ դոլար կաշառք՝ նույն զինկոմիսարիատի իրավասու պաշտոնատար անձին փոխանցելու նպատակով, սակայն այդ գումարն օգտագործել է անձնական կարիքների համար:
Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության աշխատակիցը շուրջ 64 քմ մակերեսով հողամասը քաղաքացուն օտարելու գործընթացը կազմակերպելու համար ստացել է 5000 ԱՄՆ դոլար կաշառք:
Ապա մեկ այլ անձի օժանդակությամբ և քաղաքապետարանի պաշտոնյայի հետ նախնական համաձայնությամբ, քաղաքացուն պատկանող՝ սկզբում վարելահողի, իսկ հետագայում որպես պտղատու այգի համարվող հողամասի նկատմամբ իրավական գործընթացներ սկսելու համար 2025 թվականի նոյեմբերին քաղաքացուն ներկայացրել է կաշառք տալու առաջարկ, ով ընդունելով այն՝ խոստացել է տալ 500 ԱՄՆ դոլար կաշառք: Հետագայում պաշտոնյան դրա փոխարեն պահանջել է 5000 ԱՄՆ դոլար կաշառք, սակայն քաղաքացին հրաժարվել է այն տրամադրել, իսկ հողամասի նկատմամբ որևէ գործընթաց չի կատարվել:
Մեղադրանք է ներկայացվել 10 անձի: