Մեր իրավապահները արագ վնասազերծել են ադրբեջանցուն, մենք, երբ հասանք արյան հետքեր կար, թեթև վիրավորում էր ստացել: Այս մասին Irakanum-ի հետ զրույցում ասել է Շաքիի վարչական շրջանի ղեկավար Ռուբեն Մանուչարյանը:
Վիրավորում ստացած կինը 35 տարեկան է, Արարատի մարզից, ունի 3 երեխա:
Հիշեցնենք, որ քիչ առաջ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, ըստ որի` սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողը անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։15-ին, ՀՀ ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում կրակել են ՀՀ քաղաքացու ոտքին։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների օպերատիվ խմբեր։ Ձեռնարկվել են անհետաձգելի միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Պարզվել է, որ հանցագործությունը կատարել է ադրբեջանցի զինծառայողը, որը ձերբակալվել է։
Դեպքի մանրամասները ներկայացվել են նաև ադրբեջանական կողմին։ ՀՀ քննչական կոմիտեում դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ։