Ալիևի ներկայացուցիչը կեղծ պնդումներով արդարացնում է Արցախում իրականացված էթնիկ զտումը

կողմից admin1

Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքներով Ադրբեջանի նախագահը Հայաստանի Հանրապետությանն առաջարկել է տարածաշրջանում հաստատել կայուն խաղաղություն և ձեռնարկել բոլոր իրական քայլերը՝ խաղաղության գործընթացն առաջ մղելու համար։

Այս մասին Բաքվում անցկացվող «Բևեռացված աշխարհում ԶԼՄ-ների միջոցով վստահության ամրապնդումը» խորագրով մեդիաֆորումի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Խալաֆ Խալաֆովը՝  հերթական անգամ փորձելով կեղծ պնդումներով արդարացնել Արցախում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումը։

«Ադրբեջանի Հանրապետությունը, որպես ռազմական ագրեսիայի ծանր հետևանքներից տուժած երկիր, միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և դրանով իսկ ապահովել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ այս ռազմական հակամարտությանը վերաբերող որոշումների կատարումը»,- հայտարարել է նա։

Խալաֆովը հավելել է՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագիրը և խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը ցույց տվեցին, որ տասնամյակներ շարունակվող հակամարտությունից հետո հնարավոր է վստահություն ձևավորել։

«Շատ կարևոր է, որպեսզի Հայաստանի Հանրապետությունն ու հայ ժողովուրդը ճիշտ գնահատեն այս պատմական պատասխանատվությունը և ձեռնարկեն բոլոր անհրաժեշտ քայլերը՝ իրավական պարտավորությունների հիման վրա խաղաղությունն ամրապնդելու համար»,- հայտարարել է Ալիևի ներկայացուցիչը։

 

Focus Mode