Տարկետում ստացած քաղաքացիների համար զորակոչի շեմը կարող է հասնել 32 տարեկանի
Կառավարությունը հաստատել է ԿԳՄՍ նախարարության ներկայացրած նախագիծը, որով տարկետում ստացած քաղաքացիների մի մասի համար պարտադիր զինվորական ծառայության զորակոչի տարիքային շեմը կարող է սահմանվել մինչև 32 տարեկանը։
Ներկայում Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա են մինչև 27 տարին լրանալը։ ԿԳՄՍ նախարարության հիմնավորմամբ՝ արտասահմանյան բուհերում ուսման և հետազոտական գործունեության առանձնահատկությունների պատճառով քաղաքացիները հաճախ չեն հասցնում ավարտել կրթությունը մինչև այդ տարիքը։
Խնդիրը, ըստ նախարարության, հատկապես ակնառու է ասպիրանտների դեպքում, որոնք ուսումը հիմնականում ավարտում են 27-28 տարեկանում։ Նոր կարգավորումը հնարավորություն կտա նրանց կրթությունն ավարտելուց հետո օգտվել օրենքով նախատեսված՝ Հայաստանում առնվազն երեք տարի աշխատելու պայմանով տրվող տարկետումից։