«Ռուսական երկաթուղիների» նախագահը Հայաստան է ժամանել իմ առաջարկով և իմ հրավերով, և մենք խնդիր չունենք ռուսական կոնցեսիայի հետ, մեր խնդիրն է, որ մեր երկաթուղին լինի մրցունակ, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի գլխավոր տնօրեն, կառավարման խորհրդի նախագահ Օլեգ Բելոզյորովի գլխավորած պատվիրակության հետ տեղի ունեցած հանդիպմանը:
«Դրա համար ռացիոնալ ձևաչափը կոնցեսիոն կառավարան ձևաչափը փոխելն է, այսինքն՝ 3-րդ երկրներին պատվիրակելը, բայց եթե Ռուսաստանի գործընկերներն ասում են, որ իրենք գիտեն՝ ինչպես լուծեն այս հարցը, իրենք կարող են լուծումներ առաջարկել: Երեկ քննարկման արդյունքում ասել եմ՝ շա՛տ լավ, եկեք ուրեմն ձևավորենք խումբ, որը եռամսյա ժամկետում կտա հարցերի պատասխանը, թե ոնց է Հայաստանի երկաթուղին դառնալու մրցունակ, մանավանդ որ զուգահեռ պրոցեսներ են տեղի ունենում:
Երեկ այդ հարցը դրել եմ, որ Իջևան-Հրազդան երկաթուղու վերականգնումը ռազմավարական նպատակ է մեզ համար: Հաջորդը. Ախուրիկում սռնանիվները փոխելու կետի կառուցումը ռազմավարական նպատակ է: Գիտեք, որ երկաթուղիների ռելսերը՝ Հայաստանի, այսինքն՝ հետխորհրդային տարածքի և Եվրոպայի, տարբերվում են, դրա համար Խորհրդային միության ժամանակ դեպո է եղել, որ գնացքի ռելսերի լայնությունը, այսինքն՝ սռնանիվները, փոխում են: Հաջորդը. ռազմավարական նպատակ է Իջևան-Հրազդան երկաթուղու ճյուղը Լերմոնտովո-Ֆիալետովո հատվածում Վանաձոր-Գյումրի ճյուղին միացնելը:
Սրանք բոլորը հարցեր են, և մենք այդ հարցերի լուծման հետևից գնալու ենք, որովհետև սա է ճանապարհը: Հասկանում ենք, որ շատ բարդ խնդիր է և՛ ներդրումային առումով, և՛ տեխնիկական առումով, և՛ կազմակերպչական առումով, բայց չենք կարող ասել՝ դժվար է. դժվարություններ կան, այդ հարցերը չենք լուծում: Այդ հարցերը պետք է լուծենք՝ առավել ևս մեր բարեկամների հետ հարաբերություններում լինելով առավելագույնս բարեկամական»,- ասել է Փաշինյանը: