Ադրբեջանի հետ անկլավների փոխանակումը չի բացառվում․ Արարատ Միրզոյան 

կողմից admin1

ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը չի բացառել Ադրբեջանի հետ նախկին անկլավների փոխանակման հնարավորությունը: Այս մասին նա հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեյցարիայի արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ հանդիպումից հետո ասուլիսի ժամանակ` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։ Միրզոյանը վերահաստատել է  Նիկոլ Փաշինյանի նախկինում արված հայտարարությունը։

Փաշինյանը ասել էր, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմագրի ստորագրումից հետո անկլավ-էքսկլավների խնդիրը պետք է լուծվի հետևյալ բանաձևով, որ սահմանի այս և այն կողմում անկլավներ և էքսկլավներ չպետք է լինեն, այսինքն՝ Հայաստանը և Ադրբեջանը, համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է իրականացնեն, բոլոր ճանապարհները և հաղորդակցության ուղիները պետք է բաց լինեն։

«Այո՛, տարբեր հնարավորություններ կան, որոնք քննարկվում են, և մենք խորությամբ քննարկում ենք Ադրբեջանի հետ։ Երկու երկրների ներկայացուցիչների կողմից էլ կա կառուցողական մոտեցում այս հարցում։ Չեմ ուզում կանխորոշել որևէ պայմանավորվածություն»,– ասել է Միրզոյանը։

Նա չի բացառել, որ անկլավների փոխանակումը հնարավոր լուծումներից մեկն է, օրինակ` Տիգրանաշենը մնա ՀՀ սուվերեն տարածքում, իսկ հայկական Արծվաշենը` Ադրբեջանի։

Միրզոյանը ընդգծել է, որ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի ցանկացած փոփոխություն պետք է դրվի համաժողովրդական քվեարկության։

«Եթե Հայաստանի ճանաչված 29 743 քառակուսի կիլոմետր տարածքից որևէ բան պետք է փոխանցվի այլ պետության, և դրա դիմաց որևէ բան ստացվի, այսինքն՝ տարածքի փոփոխություն տեղի ունենա, գիտեք՝ սա համաժողովրդական քվեարկություն ենթադրող հարց է։ Եվ այդպես էլ կլինի, սրանից հնարավոր չէ խուսափել»,– ընդգծել է Միրզոյանը։

Հոկտեմբերի 13-ին Փաշինյանը խոսել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի մասին՝ նշելով, որ Հայաստանն առաջիկայում պետք է կենտրոնանա այն ստորագրելու և վավերացնելու վրա:

Հավելենք, որ Ադրբեջանը դեռ չի ազատել 2022–ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից օկուպացված հատվածները:

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode