Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հայտարարությունները դարձել են նույնական. Էլիբեգովա

կողմից admin3

Բաքվում հոկտեմբերի 15-ին կայացած «Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների ամրապնդման խորհրդակցության» գագաթնաժողովում Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե Հայաստանի նախկին իշխանություններն ու նախագահները դեռ չեն ստացել իրենց «արժանի պատիժը»։

Ինչո՞ւ է «խաղաղության օրակարգ»-ի շուրջ բանակցող Ալիևը հիշել Հայաստանի նախկին պաշտոնյաներին։

Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ Ալիևի՝ Հայաստանի նախկին ղեկավարներին պատժելու վերաբերյալ հայտարարությունները նոր չեն։ Այս հռետորաբանությունը տարիներ շարունակ եղել է ադրբեջանական քարոզչության մաս՝ անկախ հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքից։

«Չի եղել փուլ, որ այդ հռետորաբանությունն Ադրբեջանում չլինի։ Տարբեր մակարդակներում այն շարունակական բնույթ է կրել»,- ասաց փորձագետը՝ ավելացնելով, որ մինչև պատերազմը նույնպես նման հայտարարություններ հնչել են երկրի նախագահի մակարդակով, վերջին շրջանում դրանք եղել են օրակարգում, սակայն տարածվում էին ադրբեջանցի պատգամավորների, հասարակական գործիչների և լրատվամիջոցների կողմից։

Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ Բաքվում իրականացվող դատավարությունների ընթացքում հատկապես այդ թեման, Էլիբեգովայի խոսքով, մշտապես պահպանել է իր արդիականությունը։

Այս առումով փորձագետն ուշադրություն հրավիրեց Հայաստանի և Ադրբեջանի գործող իշխանությունների հռետորաբանության միջև առկա նմանություններին։

«Հայաստանի և Ադրբեջանի ներկա իշխանությունների հռետորաբանությունը և դիրքորոշումը՝ Արցախի և Հայաստանի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության վերաբերյալ միանման են»,- ընդգծեց նա։

Ավելին, երկու երկրների ղեկավարությունների կողմից կիրառվող ձևակերպումներն ու առաջ քաշվող թեզերը որոշ դեպքերում գրեթե նույնական են։

Որպես օրինակ Էլիբեգովան հիշատակեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները։

Մասնավորապես, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը՝ 2024 թվականի օգոստոսի ասուլիսին հարցադրումներ էր հնչեցրել Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելու պատճառների, նրան այնտեղ գործուղելու հնարավորության և տրված երաշխիքների վերաբերյալ։

Փորձագետի գնահատմամբ՝ այդ հարցադրումները բովանդակային առումով համընկնում են Իլհամ Ալիևի կողմից նախկինում հնչեցված ձևակերպումներին։ Բացի այդ, Փաշինյանի հայտարարություններից հետո Բաքվի բանտում գտնվող Ռուբեն Վարդանյանը ենթարկվել է նոր հարցաքննությունների և ճնշումների։

Ավելին՝ սկզբնաղբյուրում

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode