«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբեր-նոյեմբերին ՏԻՄ ընտրություններ են կայանալու նաեւ Շիրակի մարզի Ամասիա, Ախուրյան, Աշոցք եւ Արթիկ համայնքներում: Անի համայնքում ՏԻՄ ընտրություն եղել է 2023-ին, Գյումրիում` 2025-ին։ ՏԻՄ առաջիկա ընտրություններին այս չորս համայնքում ընդդիմության հանդեպ դաժան տեռոր է կիրառվել:
Օրինակ, Արթիկում ավագանու թեկնածուների նկատմամբ` անձնագրայինից տեղեկանքներ ստանալուց անմիջապես հետո, ճնշումներ են սկսվել: Մարդկանց վախեցրել են, թե աշխատանքը կկորցնեն, ընտանիքի օրվա հաց չեն կարողանա վաստակել եւ այլն։ Վարչական ռեսուրսը կենտրոնացրել են ընդդիմադիրներին ճնշելու վրա, ընդհուպ մինչեւ անգամ սոցցանցերում ընդդիմադիրների հրապարակումների տակ լայքողներին են ճնշում։
Այնուամենայնիվ, Արթիկում ընդդիմությունը հաղթելու շանսեր ունի։ Մյուս համայնքներում ընդդիմությունը ներկայացված չէ` Ախուրյանում չի առաջադրվել, միայն ՔՊ-ն է առաջադրվել: Ամասիան, որը մեծ համայնք է, ու որտեղ նոյեմբերին են ընտրությունները, ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն նախկին հանրապետականն է: Արթիկում առաջադրվել է նախկին հանրապետական Մխիթար Վարագյանը, որը մասնակցում է Խաչատուր Քոքոբելյանի «Ազատ դեմոկրատներ» կուսակցությամբ:
Առաջադրվել են նաեւ «Ապրելու երկիրը» թեկնածուն Արթուր Աստոյանն է, եւ «Հայրենիքը» թեկնածուն Լեւոն Վահրադյանն է: Արթիկում ընդդիմությունը հնարավորություն ունի հաղթելու, քանի որ, ի տարբերություն նախկին ընտրությունների, ՔՊ ցուցակը գլխավորող Անանիկ Ոսկանյանին նախկինում աջակցած եւ համայնքապետ դարձրած ուժերն այս տարի մասնակցելու հայտ չեն ներկայացրել, իսկ ընտրություններին մասնակցող ուժերն ասում են` «երկրաշարժ էլ լինի», ՔՊ-ին չեն միանա։