Հայ գերիների խոշտանգումները Ադրբեջանում շարունակվում են. Սիրանուշ Սահակյան

կողմից admin1
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներն ու քաղաքացիական անձիք շարունակում են խոշտանգվել։ Երևանում «Վերադարձ հայ գերիներին» միջազգային համաժողովում նման հայտարարություն է արել ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։
Նրա խոսքով` խոշտանգումների մասին վկայում են նաև հայրենադարձված գերիների ցուցմունքներն ու նրանց բժշկական հետազոտությունների արդյունքները։
ՄԱԿ-ի հովանու ներքո գործող Խոշտանգումների դեմ կոմիտեի վերջին զեկույցներում առկա է մի սպեցիֆիկ բնութագրում, որը շատ դժվար է գտնել մարդու իրավունքները խախտող այլ պետությունների պարագայում․ խոշտանգումն այստեղ ոչ թե պարզապես սիստեմիկ բնույթ ունի կամ վարչական պրակտիկա է, այլ կրում է էնդեմիկ բնույթ։ Այսինքն՝ դա սովորական գործելակերպի անբաժան մաս է։ Եթե գործ ունենք մի քանի հայտանիշներով խոցելի անձանց հետ՝ էթնիկ, կրոնական պատկանելություն և քաղաքական հակամարտություն, ապա հասկանալի է, որ չենք կարող խուսափել էնդեմիկ խոշտանգումներից»,- ասել է Սահակյանը։
Սահակյանը նշել է, որ 2025 թվականին Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ/CPT) ներկայացուցիչներն այցելել էին Ադրբեջան և եղել այն բոլոր հաստատություններում, որտեղ տարբեր ժամանակահատվածներում պահվել են հայ պատանդներն ու ռազմագերիները։ Նրա խոսքով` այս զեկույցները գաղտնի են և կարող են հրապարակվել միայն տվյալ պետության համաձայնությամբ։
«Ադրբեջանը, բնականաբար, չի տալիս իր համաձայնությունն այդ զեկույցների հրապարակմանը, ինչը պարզորոշ ցույց է տալիս, որ այնտեղ արձանագրված են արատավոր երևույթներ, և որևէ առաջընթացի մասին խոսք լինել չի կարող։ Հակառակ պարագայում Ադրբեջանն ինքը հղում կաներ այդ զեկույցներին և կփորձեր հերքել մեր պնդումները»,- նշել է նա։
Սահակյանը կրկին շեշտեց, որ Ադրբեջանը սահմանափակում է Բաքվում պահվող հայ գերիների ֆիզիկական վիճակի մասին տեղեկությունների հասանելիությունը և հրաժարվում նրանց լուսանկարները տրամադրելուց։ Նա շեշտել է, որ հայ գերիների հետ վերջին անմիջական շփումը տեղի է ունեցել 2025 թվականի դեկտեմբերի 24–25-ին։
«2026 թվականին որևէ անմիջական դիտարկում և դրա արդյունքում հավաքագրված տեղեկություն հասանելի չէ։ Վերջին թարմ տեղեկությունները մենք ստացել ենք Մարդու իրավունքների եվրոպական դատարանից։ Դրանք փաստաթղթային տեսքով են, և այդ տեղեկությունները հավաքագրողն ու փոխանցողը հենց Ադրբեջանի Հանրապետությունն է»,– ասել է Սահակյանը։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode