Ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստանի հետ բանակցություններում Եվրոպայի հնարավոր ներկայացուցիչ ընտրելու հարցը հրատապ է․ քննարկվում են Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի թեկնածությունները։
Եվրոպայում Ռուսաստանի հետ ուկրաինական կարգավորման շուրջ բանակցող ընտրելու հարցն առավել հրատապ է դարձել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է Politico-ն։
Հրատարակության տվյալներով՝ եվրոպացի դիվանագետներն ու պաշտոնյաները տարբեր կարծիքներ ունեն այն հարցում, թե ով լավագույնս կարող է ներկայացնել Եվրոպան հնարավոր բանակցություններում։
Եվրոպացի դիվանագետներից մեկը նշել է, որ այդ դերում կարող է հանդես գալ Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը։
«Ստուբը հետաքրքրություն է ներկայացնում այն պատճառով, որ ֆինները լավատեղյակ են Ռուսաստանից և ավանդաբար երկխոսություն են վարում նրա հետ»,– Politico-ին ասել է դիվանագետը։
ԵՄ մեկ այլ դիվանագետի խոսքով՝ Ստուբը «միակ մարդն է, որը մինչև այժմ նախաձեռնողականություն է ցուցաբերել»՝ դրսևորելով բարձր մակարդակի քաղաքական առաջնորդություն։ Նրա գնահատմամբ՝ Ստուբը կարող է դառնալ նաև եվրոպական բանագնացը խաղաղության շուրջ ապագա գագաթնաժողովում։
Միևնույն ժամանակ, հրատարակության մյուս զրուցակիցները կարծում են, որ Ռուսաստանի հետ բանակցությունները պետք է վարի Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։
Եվրոպացի դիվանագետներից մեկի կարծիքով՝ Կոշտան ավելի լավ ընտրություն կլիներ, քան Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը կամ ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։ Նրա խոսքով՝ վերջիններս չափազանց սերտորեն կապված են ուկրաինական կողմի հետ, որպեսզի կարողանան արդյունավետորեն ներկայացնել ԵՄ-ն առաջնորդների մակարդակում։
Politico-ի մեկ այլ զրուցակից նշել է, որ այն հարցը, թե ով, ի վերջո, կներկայացնի ԵՄ-ն, որոշվելու է՝ ելնելով նրանից, թե որ տարբերակն առավել մեծ օգուտ կտա Եվրոպային։