Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը պարզաբանում է տարածել նոր կենսաչափական անձնագրերի արժեքի, հին փաստաթղթերի վավերականության և քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության վերաբերյալ։
Ծառայության հաղորդմամբ՝ նոր կենսաչափական անձնագրի պետական տուրքը 28 650 դրամ է, իսկ նույնականացման քարտինը՝ 5 950 դրամ։ Նախկին կենսաչափական անձնագրի արժեքը 25 000 դրամ էր։
Նոյեմբերի 1-ից գործող անձնագրերն ու նույնականացման քարտերն ինքնաբերաբար անվավեր չեն դառնա և կպահպանեն իրենց իրավական ուժը մինչև դրանցում նշված ժամկետի ավարտը։ Նոր կենսաչափական անձնագիր ստանալու համար պարտադիր չէ նախ փոխարինել հին նմուշի նույնականացման քարտը։
Ծառայությունը նաև նշել է, որ նոր փաստաթղթերի տրամադրման գործընթացում քաղաքացիների տվյալների տնօրինումը շարունակում է մնալ պետության իրավասության ներքո։ Մասնավոր գործընկերն իրականացնում է միայն իրեն վերապահված տեխնիկական գործառույթները՝ կենսաչափական տվյալների հավաքագրումը, փաստաթղթերի տպագրությունն ու տրամադրումը՝ պետության համապատասխան թույլտվությունից հետո։
Հաղորդագրության համաձայն՝ կառավարությունը նախատեսում է սոցիալական որոշ խմբերի համար ներդնել պետական տուրքի ամբողջական կամ մասնակի փոխհատուցման հնարավորություն։