«Աշխարհագրությունը չպետք է որոշի՝ ով կապրի». Գևորգ Թամամյանը՝ ԱՀԿ գլխավոր տնօրենի թեկնածու

կողմից admin2

«Բժի՛շկ, մի բան արեք, օգնե՛ք ինձ, ես չեմ ուզում մահանալ»։ Այս խոսքերով է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի պաշտոնի թեկնածու, հայ մանկական ուռուցքաբան Գևորգ Թամամյանը նոյեմբերի 18-ին սկսել իր ելույթը՝ ուղղված ԱՀԿ անդամ երկրների ներկայացուցիչներին։ Նա ներկայացրել է կազմակերպության բարեփոխումների իր ծրագիրը՝ խոսելով առողջապահական համակարգերի առջև ծառացած խնդիրների և մարդկային կյանքերի փրկության առաջնահերթության մասին։

Թամամյանը հիշել է մի աղջկա, որին չէր կարողացել ապահովել անհրաժեշտ բուժմամբ։ Երեխան մահացել էր՝ թողնելով մի հարց. արդյոք նրա ճակատագիրն այլ կլինե՞ր, եթե ծնված լիներ մեկ այլ երկրում։

«Այսօր ես առաջադրվել եմ այդ աղջկա համար։ Աշխարհագրությունը չպետք է որոշի՝ ով կապրի», — հայտարարել է Թամամյանը՝ ընդգծելով, որ իր առաջադրման նպատակը նաև այն մարդկանց կյանքերի փրկության համար պայքարելն է, որոնց հնարավոր էր փրկել, սակայն անհրաժեշտ միջոցների բացակայության պատճառով դա չի հաջողվել։

Նա հիշատակել է ամիսներով բուժման սպասող քաղցկեղով հիվանդներին, COVID-19-ի ընթացքում պատվաստանյութերի անհասանելիության հետևանքով մահացած բուժաշխատողներին, ինչպես նաև ռմբակոծությունների պայմաններում հիվանդներ տարհանող ԱՀԿ աշխատակիցներին՝ շեշտելով, որ կազմակերպության առաջնային առաքելությունը պետք է լինի մարդկային կյանքերի փրկությունը։

«Ես երբեք չեմ աշխատել ԱՀԿ-ում, երբեք նախարարություն չեմ ղեկավարել։ Շատերն ինձ անվանում են դրսից եկած թեկնածու», — ասել է Թամամյանը՝ ներկայացնելով սահմանափակ ռեսուրսներով առողջապահական համակարգեր զարգացնելու իր փորձը։

2015 թվականին Բոստոնից Հայաստան վերադառնալուց հետո նա իր թիմի հետ զարգացրել է մանկական ուռուցքաբանական ծառայությունները, պատրաստել մասնագետների նոր սերունդ և ստեղծել հիմնադրամ, որն արդեն ինը տարի հոգում է երեխաների և մինչև 25 տարեկան երիտասարդների ախտորոշման ու բուժման ծախսերը։ Նրա խոսքով՝ ԱՀԿ մասնագետները հայկական մանկական ուռուցքաբանական ծառայությունները գնահատել են հետխորհրդային տարածաշրջանի լավագույններից մեկը։

Թամամյանը պատմել է նաև 11-ամյա աղջկա մասին, որի բուժման ընդունված տարբերակներն այլևս արդյունք չէին տալիս։ Բժշկական թիմի համարձակ որոշման շնորհիվ երեխան չորս շաբաթ անց կարողացել էր ինքնուրույն տուն վերադառնալ։

«Դա ռիսկ էր, բայց ոչինչ չանելն էլ որոշում էր», — ընդգծել է նա՝ կարևորելով ԱՀԿ-ի աջակցությունը բարդ որոշումներ կայացնող բուժաշխատողներին։

Անդրադառնալով իր համահիմնադրած OncoDaily միջազգային ուռուցքաբանական հարթակին՝ Թամամյանը նշել է, որ այն երեք տարում վերածվել է շուրջ 80 աշխատակից ունեցող կազմակերպության։ Նրա խոսքով՝ այս փորձը ցույց է տվել երիտասարդ մասնագետներին վստահելու կարևորությունը։ Նա նաև զգուշացրել է, որ երիտասարդներից հրաժարվող կազմակերպությունը վտանգում է սեփական ապագան։

Ելույթի ընթացքում Թամամյանն անդրադարձել է նաև Բոտսվանայի կողմից իր առաջադրմանը։ Նրա խոսքով՝ երբ առանց դիվանագիտական կապերի սկսել էր այլ երկրից առաջադրվելու հնարավորություններ փնտրել, արհեստական բանականությունը դրա հավանականությունը գնահատել էր զրո։

«Բայց ես, միևնույն է, գնացի։ Եվ այսօր այստեղ կանգնած եմ Բոտսվանայի կողմից առաջադրված՝ որպես այս ընտրապայքարի միակ միջտարածաշրջանային թեկնածու», — հայտարարել է նա՝ շնորհակալություն հայտնելով Բոտսվանայի նախագահ Դումա Գիդեոն Բոկոյին և նրա թիմին՝ ազգային պատկանելությունից վեր կանգնելու համար։

«Ես լավատես եմ՝ հստակ ծրագրով», — ընդգծել է Թամամյանը՝ ներկայացնելով ԱՀԿ բարեփոխումների երեք հիմնական ուղղությունները՝ «ԱՀԿ՝ մարդկանց համար», «ԱՀԿ՝ երկրների համար» և «ԱՀԿ՝ հաշվետու արդյունքների համար»։

Նրա ներկայացրած ծրագիրը ներառում է 12 չափելի պարտավորություն։ Թամամյանը հայտարարել է, որ եթե առաջին պաշտոնավարման ընթացքում չիրականացնի դրանց առնվազն 80 տոկոսը, չի առաջադրվի երկրորդ ժամկետի համար։

Նա նաև հանդես է եկել ԱՀԿ-ն քաղաքական ազդեցություններից զերծ պահելու օգտին՝ կոչ անելով անդամ երկրներին թեկնածուներին գնահատել ըստ նրանց աշխատանքի, փորձի և ներկայացրած ծրագրերի, այլ ոչ թե քաղաքական պայմանավորվածությունների։

«Մարդասիրությունը գործնականում նշանակում է մեկ բան՝ կյանքեր փրկել։ Դա է ԱՀԿ-ի հիմնական առաքելությունը», — ընդգծել է նա։

Ելույթի ավարտին Թամամյանն անդրադարձել է նաև ընտանիքին՝ կնոջը, որը, նրա խոսքով, զոհաբերել է բժշկի սեփական կարիերան՝ իրեն աջակցելու համար, և դուստրերին, որոնք հաճախ խնդրում են այլևս չճանապարհորդել։ Թամամյանի խոսքով՝ հենց նրանց և ապագա սերունդների համար աշխարհն ավելի լավը դարձնելու ցանկությունն է իր առաջադրման շարժառիթներից մեկը։

Իր ելույթը նա ավարտել է անկախության և մարդկությանը ծառայելու ուղերձով.

«Ես չեմ պատկանում ո՛չ որևէ մեծ, ո՛չ էլ որևէ փոքր տերության։ Ես առաջարկում եմ պատկանել ձեզանից յուրաքանչյուրին և յուրաքանչյուր մարդու»։

 

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode