Փաշինյանը չգիտի՝ Նոր Սահմանադրությունը բավարա՞ր է Ադրբեջանի հետ լիարժեք խաղաղության համար

կողմից admin1
Նոր Սահմանադրությունը բավարա՞ր է Ադրբեջանի հետ լիարժեք և համապարփակ խաղաղության համար։ Այս հարցի պատասխանը
Նիկոլ Փաշինյանը չունի։
«Առաջիկայում մեր ջանքերը կուղղվեն այս հարցերի պատասխանները ստանալուն»,– ԱԺ-ում ասաց Փաշինյանը։
Փաշինյանը համոզված է` եթե կարողանան այդ հարցերին համոզիչ պատասխանել, ՀՀ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը կգա ընտրական տեղամասեր ու հանրաքվեի ընթացքում կողմ կքվեարկի նոր Սահմանադրությանը։
Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հոկտեմբերի 28-ին ԱԺ–ում ընդդիմությանը քաղաքական առաջարկ արեց` իրենք բերեն Սահմանադրությունը, ընդդիմությունը դատապարտի այն, գնան հանրաքվեի։ Նախարարը նշեց` եթե ժողովուրդը «ո՛չ» ասի նոր Սահմանադրությանը, իշխանությունը հրաժարական կտա։ Դրանից 1 շաբաթ առաջ էլ Փաշինյանն ասել էր` կփորձեն ընդդիմությանը համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը շատ կարևոր և սկզբունքային հարց է, բայց եթե չստացվի, կգնան ուրիշ սցենարներով, այդ թվում՝ արտահերթ ընտրությունների։
Նշենք, որ խաղաղության պայմանագրի ստորագրման դիմաց Ադրբեջանը ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախապայման է առաջ քաշել, ինչը չեն հերքում նաև իշխանության ներկայացուցիչները։
Սակայն սահմանադրական նախագծեր կամ հանրաքվեներ նախաձեռնելու համար իշխող քաղաքական ուժին անհրաժեշտ է խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենալ։ Իսկ «Քաղաքացիական պայմանագրին» պակասում է 6 մանդատ։
Փաշինյանը օրեր առաջ խոստացավ Սահմանադրության փոփոխությունների այնպիսի նախագիծ, որն ընդդիմության սրտով կլինի։ Միաժամանակ նա նաև հայտարարեց, որ իշխանությունը հնարավորություն ունի թեմայի շուրջ հանրային այնպիսի ճնշում գեներացնել, որ ընդդիմությունը ստիպված լինի կողմ քվեարկել նախագծին։

Ձեզ կարող է նաև դուր գալ

Focus Mode